Մատչելիության հղումներ

Զոդի կամրջին ավտովթարից տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն. ԱՆ


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար:

«Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության:

«Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում», - ասված է հաղորդագրությունում։

Հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG