Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ


Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը:

«Սա արտահայտում է մեր գերակա նպատակը. Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, որի ապահովումն առաջին օրվանից եղել է մեր նպատակը։ Սա շատ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է, որովհետև եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։

Երկուստեք ընդգծվել է խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման ուղղությամբ իրական քայլերի ձեռնարկումը։

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցությանը և միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկմանը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մասիս Մայիլյանը ճեպազրույց են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG