Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հետ։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Բակո Սահակյանը կարևորել է նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումը, որն, ըստ նրա, լավ հանարվորություն է ընձեռնում՝ ամփոփելու նախորդ շրջանում կատարած համատեղ աշխատանքները և նախանշելու հետագա անելիքները:
«Ես նաև տեղեկացնեմ համանախագահների հետ իմ հանդիպման մասին, և, ինչպես միշտ, ցանկանում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք Արցախի զարկերակի մասին, ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված», - նշել է Արցախի նախագահը:
«Իսկապես մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մենք այս ամենով կարողանում ենք համադրել և միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև այդ գործառույթն արտահայտվում է նաև անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, և բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարևոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզբանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները և այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը և խնդիրները, որոնք ունենք մեր առջև», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Զոհրաբ Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին` երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել են Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: