Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը էներգետիկ ծրագրեր են քննարկել


Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը (աջ) ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին (ձ), 2-ը հուլիսի, 2019թ.
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը (աջ) ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին (ձ), 2-ը հուլիսի, 2019թ.

Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանը նկատել է, որ 16-րդ միջկառավարական նիտը առաջինն է երկու երկրների խորհրդարանների կողմից ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումից հետո: Նա նիստը լավ առիթ է համարել անդրադառնալու նաև համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրային հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Այս նիստից առաջ էլ Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի Էներգետիկայի նախարարը առանձին հանդիպում են ունեցել և քննարկել էներգետիկայի ոլորտում երկու հարևան երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Շաբաթ օրը Մհեր Գրիգորյանը Երևանում ընդունել էր Ռեզա Արդաքանիանի տեղակալին ու նրա հետ քննարկել նոր հայ-իրական էլեկտրահաղորման գծի ընթացիկ շինարարությունը արագացնելու հարցը։ Այդ գծի շինարարությունը պետք է ավարտին հասցվի 2021-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG