Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը ԲԴԽ անդամի թեկնածուի չընտրվելը «անլուրջ վերաբերմունքի» արդյունք է համարում


ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյան
ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյան

«Անլուրջ վերաբերմունք»․ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսպես է գնահատում մեծամասնություն ունեցող «Իմ քայլի» առաջադրած թեկնածուի՝ Աննա Մարգարյանի չընտրվելը ԲԴԽ անդամի պաշտոնում։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

Գորգիսյանը կարծիքով, խնդիրը ոչ թե պատգամավորների գործուղում-բացակայություններն էին, այլ հենց իշխանական խմբակցությունում կոնսենսուսի բացակայությունը․ - «Առավոտյան գրանցվել էր 106 պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»-ից ներկա էր 16 հոգի: Այսինքն, ըստ տրամաբանության, 90 հոգի պետք է կողմ լինեին: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» ամբողջությամբ կողմ չի քվեարկել թեկնածուին, որովհետև այդ պարագայում թեկնածուն պետք է անցներ, որովեհտև պետք էր ընդամենը 79 ձայն: Եվ ԲՀԿ-ն էլ հայտարարել էր, որ իրենք դեմ չեն թեկնածուին»:

Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդում է, որ Աննա Մարգարյանին հանդիպել են, նրա թեկնածությանը դեմ արտահայտվողներ այդ օրն ու դրանից հետո չի եղել։

Մակունցը բացառում է, որ 19 դեմ քվեարկողների մեջ նաև «Իմ քայլի» պատգամավորներ լինեն:

Իսկ ահա «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը հնարավոր է համարում, որ դեմ քվեարկողներ նաև իրենց խմբակցությունից լինեին: Բայց, ասում է, կողմ քվեարկելու որոշում են ունեցել․ - «Եթե չլիներ որոշում, չէր լինի նաև առաջադրում: Բայց ասեմ, որ ինքը փակ գաղտնի քվեարկություն է, և մարդը կարող ա, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դեմ քվեարկած լինի»:

Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան

Հովակիմյանը երեկվա քվեարկության մասին իր կարծիքն ունի՝ չհաջողվեց երկու ընդդիմադիր խմբակցությոուններից մեկին՝ «Լուսավոր Հայաստան»-ին համոզել, որ ընտրեն թեկնածուին:

Երեկ ընդդիմադիր խմբակցություններից միայն «Լուսավոր Հայաստան»-ն էր հայտարարել դեմ քվեարկելու մասին:

Աննա Մարգարյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել 19 հոգի, կողմ՝ 66: Ընտրվելու համար թեկնածուին առնվազն 80 քվե էր անհրաժեշտ, իսկ «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի:

Հովակիմյանն ասում է, որ իրենց պատգամավորներից մոտ երկու տասնյակը բացակայել է՝ նաև գործուղումների պատճառով: Ազգային ժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, երեկ գործուղման մեջ գտնված պատգամավորներից 12-ն են «Իմ քայլից» եղել:

Հովակիմյանի խոսքով, քվեարկությունը չէին կարող հետաձգել, որովհետև քննարկումներից հետո պետք է քվեարկություն լիներ․ - «Ընտրության հետ խնդիր չէր լինի, եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չորոշեր ամբողջ խմբակցությամբ դեմ քվեարկել»:

Դիտարկմանը, թե իրենք չպետք է հույս դնեին ԼՀԿ-ի պատգամավորների վրա, Հովակինյանն արձագանքեց․ - «Ավելի ցանկալի էր նույն այդ թեկնածուի համար, հետագա իր գործունեության համար, որպեսզի ինքը ոչ միայն մեծամասնության կողմից ընտրված լինի, այլ նույն ընդդիմադիրներն էլ իր օգտին քվեարկած լինեն: Որպեսզի ինքը իրեն ամուր զգա»:

«Երբ նշվեց, որ եթե իրենց կողմից ներկայացված լիներ որպես թեկնածու Աննա Մարգարյանը, ապա նրանք կողմ կլինեին նրա թեկնածությանը: Ես ընդամենը ներկայացնում եմ, մեկնաբանում եմ այն, ինչ ասվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, և հենց այդ խոսքերի հիման վրա եմ ասում, որ կարծում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունը վեր դասվեց ԲԴԽ կազմում ունենալուն հենց Աննա Մարգարյանին: Ինչի համար, իհարկե, ցավ եմ հայտնում», - նշեց Լիլիթ Մակունցը:

Գևորգ Գորգիսյանը պնդեց, որ Մարգարյանի օգտին քվեարկելու պայմանավորվածություն չի եղել: Նրա խոսքով, «Իմ քայլն» է խախտել ձեռք բերված համաձայնությունը, և երեկվա դիրքորոշումը հենց դրանով էր պայմանավորված․ - «Երկու անգամ ասել էին՝ տվեք թեկնածու, մենք կդիտարկենք, բայց երկու անգամն էլ մերժել էին՝ շատ թեթև հիմնավորումներով»:

Վահագն Հովակիմյանը, հակադարձելով Գորգիսյանին, ասաց, թե մերժման պատճառը եղել է այն, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած թեկնածուները ուղղակի չեն համապատասխանել օրենսդրությամբ անհրաժեշտ չափանիշներին: Հովակիմյանի խոսքով, օրենքը թույլ է տալիս Աննա Մարգարյանին նույն պաշտոնում նորից առաջադրել:

Լիլիթ Մակունցն ասաց՝ Մարգարյանին հենց երեկ առաջարկ է արվել․ - «Հակված չէր ևս մեկ անգամ առաջադրվելու: Հնարավոր է, որ ևս մեկ անգամ անդրադառնանք: Իհարկե, կախված է նաև տիկին Մարգարյանի ցանկությունից»:

Աննա Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նեղացած չէ․ բայց այլևս չի համաձայնի դառնալ թեկնածու․ - «Ազգային ժողովում գտնվում են հասարակության կարծիքը ներկայացնողները: Եթե իրենք մի անգամ արդեն իսկ դրսևորում են իրենց դիրքորոշումը, երկրորդ անգամ այդ կառույցում հայտնվելը նույն պաշտոնին հավակնելու համար, այն էլ՝ այդքան պատասխանատու և այս պահին այսքան կարևորություն ներկայացնող, ես նպատակահարմար չեմ գտնում»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի չընտրվելու դեպքում խմբակցությունները տասն օր ունեն նոր թեկնածու առաջադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG