Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց


Ազգային ժողովն այսօր ընտրում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երրորդ թեկնածուին: Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամի թափուր պաշտոնում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանի թեկնածությունը: Մինչև քվեարկությունը, պատգամավորները նախ հարցեր ուղղեցին թեկնածուին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրող հարցերից մեկն էլ այն էր՝ որքանո՞վ է ճիշտ, որ դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը:

«Հարց է առաջանում, թե իսկ ո՞վ պետք է վեթինգի ենթարկի Բարձրագույն դատական խորհրդին, որովհետև դատավորները կարող են շատ լավ չենթարկվել այս կանոնին», - հարցրեց Արման Բաբաջանյանը։

«Համաձայն եմ Ձեր ասած առաջին իսկ բառի հետ էդ առումով, որ առաջինը պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից։ Այսինքն, եթե մենք խոսում ենք Բարձրագույն և Դատական խորհրդի կողմից որոշակի գործողություններ իրականացնելու մասին՝ առաջինը ԲԴԽ անդամները պետք է պատրաստ լինեն այդ գործընթացով անցնելու։ Ես ինքս առաջինը դրան պատրաստ եմ», - պատասխանեց Մարգարյանը։

Աննա Մարգարյանը դասախոսում է Երևանի պետական համալսարանում, Արդարադատության ակադեմիայում: Վերապատրաստվել է միջազգային բուհերում, իրականացրել մի շարք ծրագրեր:

Իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրված էր դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ:

«Ի՞նչ պետք է անենք, որ հասարակությունը սկսի հավատալ, և դա կտրուկ է մեզ պետք անել, մենք չենք կարող սպասել։ Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ կրթական ցենզը պետք է բարձրացվի, սոցիալական հարցերը, կոռուպցիայի դեմ պայքարը, բայց դա պետք է հնարավորին չափ շուտ անենք», - հարցրեց Իգիթյանը։

«Երկու կարևորագույն կոմպոնենտ այս պահին՝ կոռուպցիայի վերացումը ոլորտից առաջնահերթ։ Այսինքն կոռուպցիա չհասկանանք մենակ կաշառակերությունը՝ կոռուպցիան շատ ավելի լայն իմաստով՝ ազդեցության մեխանիզմներով, լիազորությունները չարաշահելով։ Երկրորդ կոմպոնենտը՝ գործի արդյունավետությունը։ Արդյունավետությունը ապահովելը շատ ավելի բարդ է», - ընդգծեց ԲԴԽ անդամի թեկնածուն։

Հարցուպատասխանին հաջորդեց փակ, գաղտնի քվեարկությունը: Միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ դեմ է քվերակելու: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին: Չընտրվեց: Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, իշխող խմբակցությունից ավելի քան երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցում:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոններում խորհրդարանը երեք թեկնածու առաջադրելու իրավունք ունի, երկուսն արդեն ընտրել է: Եվս երեք թեկնածու առաջադրելու է դատավորների ընդհանուր ժողովը: Դատական խորհրդի 10 անդամի տեղը համալրելուն կհաջորդի նախագահի ընտրությունը: ԲԴԽ նախագահի տեղը թափուր է Գագիկ Հարությունյանի հրաժարակինց հետո: Հարությունյանը ԲԴԽ-ն լքեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատավորներին վեթինգի ենթակելու հայտարարությունից օրեր անց: Նրան հետևեց ևս երեք անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG