Մատչելիության հղումներ

«Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնավարման ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք:

Ըստ հաղորդագրության, ՀՈԱԿ-ի հաշվապահը յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 5.392.697 դրամ գումարն անձամբ ստանալով, յուրացրել է:

Դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մանրամասները տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG