Թուրքիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել լրագրող Դենիզ Յուչելի կալանավորումը, «որով խախտվել է նրա անձնական անվտանգության, ազատության, խոսքի իրավունքը»:
Ուրբաթ օրը հրապարակած վճռով Թուրքիայի բարձր դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է գերմանական Die Welt պարբերականի թղթակցին վճարել մոտ 4 հազար ամերիկյան դոլարի փոխհատուցում: Միևնույն ժամանակ դատարանը թուրքական իշխանությունների կողմից խոշտանգումների արգելքի խախտում չի գտել, ինչը պնդում էր Յուչելը:
Լրագրողը հայտարարել էր, թե մեկուսարանում բազմիցս ծեծի և սպառնալիքների է ենթարկվել:
Դենիզ Յուչելն ազատազրկվել էր 2017 թվականի փետրվարին և մոտ մեկ տարի անցկացրել թուրքական բանտում՝ ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:
Լրագրողը կալանքից ազատվել էր ամիսներ առաջ՝ Գերմանիայի իշխանությունների շարունակական ճնշումներից հետո: