Մատչելիության հղումներ

Բեռլինը Անկարայից պահանջում է ազատ արձակել ծագումով թուրք գերմանացի լրագրողին


Դենիզ Յուչելին ազատ արձակելու պահանջով թռուցիկ Գերմանիայում, մարտ, 2017թ․
Դենիզ Յուչելին ազատ արձակելու պահանջով թռուցիկ Գերմանիայում, մարտ, 2017թ․

Թուրք - գերմանական լարված հարաբերությունների ֆոնին պաշտոնական Բեռլինը Անկարայից պահանջում է ազատ արձակել գերմանացի լրագրող, ծագումով թուրք Դենիզ Յուչելին:

Հեղինակավոր Welt պարբերականի թղթակիցը ձերբակալվել էր փետրվարին, երբ հաղորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի վրա կատարված հաքերային հարձակման մասին, իսկ ավելի վաղ՝ ակտիվորեն լուսաբանել Թուրքիայի զինուժի գործողությունները քուրդ փոքրամասնության դեմ: Այժմ պաշտոնական Անկարան նրան մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու և ատելություն տարածելու մեջ:

Ավելի քան 8 շաբաթ գերմանական կողմը բանակցում էր թուրքերի հետ՝ լրագրողին բանտում տեսակցելու համար, հաջողության հասավ, սակայն, միայն երեկ:

«Մենք շատ շնորհակալ ենք Թուրքիայի իշխանություններին, որ մեզ վերջապես հյուպատոսական այց կատարելու հնարավորություն տրվեց, սակայն պատմությունը սրանով չի ավարտվում», - հայտարարեց Գերմանիայի փոխարտգործնախարար Մայքլ Ռոթը՝ ընդգծելով. - «Մենք շարունակելու ենք պայքարել Դենիզ Յուչելի ազատության համար: Գերմանիայի ողջ կառավարությունն է հաստատակամ այս նպատակի իրագործման հարցում: Մենք չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ լրագրողը մնում է բանտում, և սա թուրք - գերմանական հարաբերությունների ամենամեծ փորձաքարերից մեկն է հիմա»:

Չնայած Բեռլինի նախազգուշացում-հորդորներին՝ Էրդողանը կտրականապես բացառում է լրագրողին ազատ արձակելու կամ Գերմանիային հանձնելու հնարավորությունը: «Մեր դատարանները եվրոպականներից ավելի արդար են», - պնդել էր նա շաբաթներ առաջ: - «Գերմանիայի կանցլերը պահանջում է ահաբեկչական գործակալ, իբրև թե լրագրող Դենիզ Յուչելին, ով մոտ մեկ ամիս թաքնվում էր Գերմանիայի հյուպատոսարանում: Մերկելը պահանջում է, որ մենք վերադարձնենք նրան, մինչդեռ ես ասում եմ՝ Թուրքիան ունի արդարադատություն, և Յուչելը պետք է կանգնի դատարանի առաջ»:

Շարունակելով Գերմանիայի գործող կառավարությանը համեմատել նացիստների հետ՝ Թուրքիայի նախագահ նաև պնդել էր, թե ձերբակալված լրագրողը ոչ միայն լրտես է, այլև՝ ահաբեկիչ, ով վայելում է Բեռլինի աջակցությունը. - «Պարզվում է՝ Գերմանիայի իշխանությունները ինձ թույլ չեն տալիս քարոզարշավ անցկացնել իմ համերկրացիների հետ այդ ահաբեկչի պատճառով: Այդ մարդը ահաբեկիչ է, ոչ թե լրագրող, սակայն Գերմանիայի կառավարությունը, ցավոք, իմ նախարարներին և այդ ահաբեկչին դնում է նույն նժարին»:

Ի պատասխան՝ Գերմանիայի փոխարտգործնախարարը երեկ հայտարարել է՝ Էրդողանի մեղադրանքներն անհիմն են և անընդունելի: «Ես լսել եմ, որ նա իբր Գերմանիայի լրտեսն է, լսել եմ, որ Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչն է, լսել եմ նաև մեղադրանքներ, թե նա Ֆեթուլլահ Գյուլենի շարժման ահաբեկիչներից է: Այդ ամենը նրա հետ կապ չունի, հստակ է՝ Յուչելը լրագրող է, քննադատող լրագրող, ով ընդամենն իր գործն էր անում», - շեշտել է Ռոթը:

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են՝ եթե լրագրողին ներկայացված մեղադրանքները թուրքական դատարանում հաստատվեն, նրան սպառնում է 10-12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG