Մատչելիության հղումներ

Մարությանն առաջարկում է Երևանում մեքենաների արագությունը 60 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ


Երևանի ավագանու նիստ, արխիվ
Երևանի ավագանու նիստ, արխիվ

Մայրաքաղաքում մեքենաների արագությունը 60 կիլոմետր ժամից դարձնել 50 կիլոմետր ժամ, սա Երևանի քաղաքապետի առաջարկն է՝ ի պատասխան ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանի մտահոգության, թե ավտովթարների, զոհերի թիվը տարեց տարի բոլորովին էլ չի նվազում։

«Մենք ստանձնելով քաղաքային իշխանությունը նաև ինչ-որ չափով ստանձնում ենք մարդկանց անվտանգությունը», - ասաց Մեսրոպ Պապիկյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայն է՝ Երևանը վտանգավոր է թե՛ վարորդների ու թե՛ հետիոտնի համար։ Մեքենաների արագության իջեցման հարցն առաջարկում է հանրային քննարկման դնել։

«Չեմ կարծում, որ սա կխոչընդոտի Երևանի շարժմանը մեքենաների, որովետև դուք ինքներդ լավ գիտեք, ես մեկ-մեկ տեսնում եմ երիտասարդների, որոնք, իրենց կարծիքով, արագ վարելով արագ են հասնում տեղ, բայց դանդաղ գալիս ես կարմիրի տակ հավասարվում ես իրենց և հայացքով ասում ես՝ «եղբայր ոնց որ թե շտապում էիր, բայց շատ հեռու չես գնա, եթե, իհարկե, չես պատրաստվում կարմիրի տակ անցնել», - նշեց Մարությանը։

վերգետնյա ու ստորգետնյա անցումների լուսավորման հարցը կլուծեն աստիճանաբար, բայց Մարությանը չի կարծում, թե սրանով երևանցիները կհրաժարվեն փողոցն արագ և ուղիղ անցնելու վտանագավոր սովորույթից։

«Շատ և շատ դեպքերում գետնանցման կամ վերգետնյա անցման առկայության դեպքում գրեթե չեն օգտվում այդ անցումից, այսինքն համալիր լուծումների մասին է խոսքը։ Եթե մենք հիմա ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա և ստորգետնյա անցումներով, որ էլ կետ չլինի, որ անցում չիլին, ես ձեզ վստահեցնում եմ, էս վիճակում, այո, մի փոքր կիջնի խնդիրը, բայց չի լուծվի, որովհետև մարդիկ գերադասում են ուղիղ անցնեն և արագ», - ընդգծեց քաղաքապետը։

Ինչպե՞ս բեռնաթափել քաղաքի կենտրոնը մեքենաներից, կայանատեղիներից, քաղաքապետի կարծիքով՝ բեռնաթափում նշանակելու է արգելքների մի մեծ շարան քաղաքացիների համար, և այդ ամենը քաղաքային իշխանությունը կսկսի տրանսպորտային նոր ցանցի ներդրումից հետո։ Եթե սեփական մեքենայով Կենտրոն մտնելն արգելվի, պետք է այլընտրանք էլ լինի։

«Մենք մարդուն ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ «դու քո անձնական ավտոմեքենայով մի արի Կենտրոն, հարգելի քաղաքացի», և ինքը միանգամից հարց է տալիս՝ «Էդ դեպքում, հարգելի քաղաքապետարան, բա ինչո՞վ գամ», մենք պատասխանը պետք է ունենանք՝ «խնդրում եմ, օգտվիր մեր նոր ցանցից տրանսպորտային»։ Սա էն երկխոսությունն էր, որը պետք է տեղի ունենա», - նշեց Մարությանը։

Արցախի 10 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքից բնակիչներ կան՝ հրաժարվում են դուրս գալ. կա՛մ պետությանը չեն վստահում, կա՛մ բավարաված չեն քաղաքապետարանի առաջարկով։ Ավագանու անդամներից Լևոն Զաքարյանն առաջարկում է մեկ անգամ էլ բանակցել՝ գուցե բնակիչները համոզվեն ու դուրս գան վտանգավոր շենքից։

«Կոչ եմ անում և խնդրում եմ, ևս մեկ անգամ բոլոր էդ բնակիչների հետ ունենալ հանդիպումներ», - ասաց Զաքարյանը։

Հայկ Մարությանը վստահ է՝ հենց առաջին ընտանիքները վթարային շենքից նորկառույցներ տեղափոխվեն, մնացածները կհամոզվեն՝ պետությունը մոլորեցնելու, խաբելու նպատակ չունի։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսանի խոսքով՝ վերաբնակեցման ծրագիրը շարունակելու են, հիմնականում ներդրումային ծրագրերի շնորհիվ, բայց խնդիր կա՝ քաղաքի հողերի մեծ մասը վաճառված է։

«Մենք փորձում ենք ազատել հնարավոր հողատարածքներ՝ բնակարանային շինարարության, որտեղ կիրականացնեն ներդրումային նախագծեր, պայամանով, որ քաղաքը կստանա էդ շինարարությունից իր բնակֆոնդը», - ընդգծեց Սարգսյանը։

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հարցեր ուներ քաղաքապետարան Առողջապահության վարչության պետին. «Բացի սիրուն բալիկների նկարներով ծնելիության թվի վերաբերյալ տեղեկատվություն տարածելուց, որը, ի դեպ, Ձեր վարչության ջանքերի արդյունքը չի, ինչո՞վ է զբաղվում Ձեր վարչությունը»։

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում պատվաստումների վերաբերյալ իրազեկում չի արվում, մարդիկ տեղյակ չեն իրենց հասանելիք անվճար դեղորայքի մասին:

«Ո՞ւր են գնում այդ դեղերը, պարոն Բաբինյան, պատահաբար Ձեր մտերիմներից մեկը գուցե դեղատո՞ւն ունի», - հարցրեց Խաչատրյանը։

Ավագանու անդամը հիշեց նաև 2012-ից Առողջապահության վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Կամսար Բաբինյանի ազգականներին․ «Մանավորապես, նորից կրկնեմ, տխրահռչակ 19 պոլիկլինիկայի բաժնի պետերից մեկը Ձեր հորաքույրն է, Էրեբունու Գրիգոր Նարեկացի ծննդատան փոխտնօրենը Ձեր քույրն է»։

19-րդ պոլիկլինիկայի չարչրկված թեման աշխուժացրեց նիստը։ - «Հայտնի անեկդոտն եմ հիշում՝ ասում է՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք», - նշեց Մարությանը։

Իսկ Կամսար Բաբինյանն արձագանքեց՝ այդ հաստատությունների հետ ինքը կապ չունի, հարազատներն ունեն. «Հորաքույրս աշխատում է 19 պոլիկլինիկայում, որպես մայրապետ, երկրորդը՝ այո, ճիշտ է, իմ քույրիկը աշխատում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում, որպես փոխտնօրեն։ Ձեր բերած այն պնդումները, որ ես որևիցե առնչություն ունեմ նշված հիմնարկների հետ բացարձակ իրականությանը չի համապատասխանում, Դուք կարող եք ստուգել»։

Շահերի բախումը քաղաքապետարանում խնդիր է համարում նաև ավագանու անդամներից Գրիգորի Երիցյանը, առողջապահության վարչության աշխատողը մասնավոր կլինիկա, կրթության վարչությունից մեկը մասնավոր կրթական հաստատություն, տրանսպորտի վարչության աշխատակիցը գազելի գիծ ունի։ Շահերի բախումը բացառել օրենքով, ասում է քաղաքապետը, բայց հռետորական դիտարկում ուներ։

«Էսօր կա՞ն մարդիկ Ազգային ժողովի պատգամավորներից, որոնք բիզնես ունեն, բայց իրենց անունով չի, կա՞ն, թե՞ չկան, կա չէ՞, երևի թե, ու եթե իրենց անունով չի, ապա օրենքը էստեղ ինչպե՞ս է կարգավորում։ Հիմա էդ, որ դուք ասում եք Ազգային ժողովը ընդունի, Ազգային ժողովը էդ ընդունելուց դժվարությունների է էլի մի փոքր գալու, ո՞նց ընդունի, որ մենակ քաղաքապետարանին կպնի», - ընդգծեց Մարությանը։

Այսօր Երևանի ավագանին եզրափակեց 2-րդ նստաշրջանի աշխատանքը։ Եթե արտահերթեր չհրավիրվեն՝ նույն կազմով նույն վայրում կհանդիպեն սեպտեմբերի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG