Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում քննարկվելու է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների հաստատման հարցը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկելու է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների հաստատման հարցը:

Երեկ ԵԽԽՎ նիստին ձայների մեծամասնությամբ ընդունվեցին համապատասխան փոփոխություններ կանոնակարգում:

Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերականգնմանը դեմ հանդես եկան Ուկրաինան, Վրաստանը և մերձբալթյան երկրները, սակայն ԵԽԽՎ-ի երկու հանձնաժողովները այսօր, փաստորեն, առաջարկել են հաստատել փոփոխությունները:

Մոնիթորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել վերականգնել ռուսական պատվիրակության լիազորությունները և հանձնաժողովի զեկույցի նախագծում կան նաև Ռուսաստանին մի շարք կոչեր՝ ազատ թողնել Սև ծովում ձերբակալված 24 ուկրաինացի նավաստիներին, անհապաղ վճարել Եվրախորհրդի անդամակցության վճարը, համագործակցել մալայզիական օդանավի կործանումը հետաքննող միջազգային խմբի հետ և կասեցնել Ռուսաստանում ԼԳԲՏ անձանց հետապնդումը՝ հատկապես Չեչնիայում, ինչպես նաև համագործակցել միջազգային հանրության հետ Բորիս Նեմցովի սպանությունը հետաքննելու հարցում:

Կանոնակարգային հանձնաժողովն ընդհանրապես ռուսական պատվիրակության լիազորությունների հարցով զեկույց չի ներկայացրել:

Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները սահմանափակվել էին 2014-ին՝ Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում սկսված հակամարտության պատճառով: 2017-ին Ռուսաստանն իր հերթին սառեցրել էր տարեկան շուրջ 30 միլիոն կազմող վճարումները ԵԽԽՎ բյուջե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG