Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում պնդում են՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող:
«Իհարկե ոչ մի քաղաքական հետապնդում չկա, ըստ իս։ Գործընթացը տեղի է ունենալու օրինականության սահմաններում՝ Սահմանադրության և օրենքներին համապատասխան», - Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ չի կիսում Քոչարյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում օրեք և օրինականություն չկա։
Երեկ դատարանը բավարարեց վերաքննիչ բողոքները և կրկին կալանավորեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանը նաև բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումն ու քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։
Երեկ՝ ներկայանալով «Երևան-Կենտրոն» քրեականատարողական հիմնարկ, նախկին նախագահը հայտարարեց՝ «ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»: