Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում Արարատ Միրզոյանի առաջարկած փոփոխությունները


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր քննարկման դրեց իր հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Միրզոյանը առաջարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել նոր գործառույթներով, մանսավորապես սահմանված դեպքերում և կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնել․ - «Ակնհայտ է, որ ուղղված է այս հակակոռուպցիոն մարմնի շեշտակի ուժեղացմանը, դերի բարձրացմանը»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է Բարձրագույն դատական խորհրդի հետ միասին իրականացնելու դատավորների վեթինգը: Այս մասին «Ազատությանը» ավելի վաղ տեղեկացրել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նորաստեղծ մարմին է, որը կփոխարինի արդեն ավելի քան 6 տարի գործող Էթիկայի հանձնաժողովին, սակայն՝ ավելի լայն լիզորություններով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագծի հեղինակ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչ է ուժ է ունենալու հանձաժողովի տված խորհրդատվական եզրակացությունը․ - «Աջաբսանդալ ենք սարքում և վեթինգի մասին առանձին օրենք ունենալու փոխարեն տարբեր օրենքներով փորձում ենք վեթինգ իրականացնել: Այն դեպքում, երբ մենք կարող էինք լրիվ առանձին մարմին ունենալ, որը կարող էր անցումային այս շրջանի համար և, ինչու չէ, նաև արդեն կանոնավոր վեթինգի համար ամբողջ համակարգը դատական, նաև ուժային ամբողջությամբ իրականացնել»:

Արարատ Միրզոյանը արձագանքը․ - «Տպավորությունը այն է, որ նոր մարմնի կարիք չկա: Կամ եթե ունենանք վեթինգի մասին օրենքով էս մի դրույթը էնտեղ էլ կհիշատակենք, պիտի հետ գանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրենքն էլ փոխենք և վերապահենք էս գործառույթը: Հենա միանգամից անում ենք»:

Իշխող դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքերը օր առաջ սկսելու մասին խոսեց՝ կարծիք հայտնելով, որ անհրաժեշտ է նախագիծը արտահերթ նստաշրջանով քվեարկել և ոչ թե սպասել սեպտեմբերին։

Պատգմավորին նաև հետաքրքրում էր, թե ինչ ճակատագիր կունենա այն դատավորը, ում մասին հանձնաժողովը խորհրդատվական եզրակացություն կներակայացնի:

«Որևէ կոնկրետ դատավորի կամ պաշտոնյայի պաշտոնավարումը երկար կյանք չի կարող ունենալ, մարդու, որը էդպիսի քեյս ունի իր դարակում իր մասին», - նշեց Արարատ Միրզոյանը:

Վարազդատ Կարապետյանն արձագանքեց․ - «Աննախադեպ ա, երբ որ պետք ա խորհրդատվական եզրակացությունը ինչ-որ հետևանքներ թողնի, և չգիտենք էդ մարդիկ էդ հետևանքները կվերցնե՞ն իրենց վրա, թե՞ չէ»:

Արդեն մտքերի փոխանակության փուլում պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը կրկնում է Քենիայի 2003 թվականի սխալը, երբ երկրում ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է արմատական վիրահատության ենթարկեր դատական իշխանությունը․ - «Երկրի վճռաբեկ դատարանի նախագահը հրապարակայնորեն պահանջեց ցուցակում հայտնված և կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավորներին երկու շաբաթվա մեջ առանց դիմադրության հրաժարական տալ կամ դադարեցնել պաշտոնավարումը՝ միաժամանակ նրանց զրկելով թոշակից: Ի՞նչ տեղի ունեցավ հետո: Մեկ տարի պահանջվեց, որպեսզի դատավորները վիճարկեն իրենց նկատմամբ կայացված որոշումները, և անխտիր բոլորը վերականգնվեցին իրենց պաշտոններում»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ առաջին ընթերցմամբ դեմ են քվեարկելու Արարատ Միրզոյանի ներկայացրած փաթեթին:

Բայց ընդդիմադիր պատգամավորների հիմնական մտահոգությունները Միրզոյանի փաթեթով առաջարկված այլ փոփոխությունների շուրջ էին: Մանսավորպես նախագծով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը (վարչապետի փոխարեն), ապա` ԱԺ-ի իշխող, հետո ընդդիմադիր խմբակցություններին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բարգատյանը այլ առաջակ ուներ՝ թող հանձնաժողովների նախագահներին առաջադրի Կառավարությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրեն անդամներին․ - «Մեծ հաշվով ձեր մոտեցումները չեն տարբերվելու Կառավարության մոտեցումներից ձեր առաջադրած թեկնածուների մասով»:

Արարատ Միրզոյանը առարկեց․ - «Կառավարությանը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը նույնացնել չարժի»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համար անհասկանալի էր, թե ինչպես են ընդդիմադիրները որոշելու ում թեկնածուն է առաջադրվելու․ - «Նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը: Սա խիստ ապաքաղաքական և քաղաքական անհեռատես նախագիծ է այն առումով, որ, այո, ընդդիմադիր խմբակցությունները կարող են միասնաբար քննադատել իշխանությանը, բայց նրանք այս հարցում չեն կարող գործել միասնաբար, որովհետև այդ խմբակցությունները ունեն տարբեր նպատակներ, առաջադրում են տարբեր խնդիրներ և տարբեր վերահսկողության գործիքներ»:

Իշխող դաշինքն ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդդիմադիրների դիրքորոշումը ոչ կառուցողական գնահատեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG