Մատչելիության հղումներ

Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը


Դատարանի այսօրվա որոշմամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց։

Նման միջնորդությամբ հանդես եկավ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Մեղադրողը չառարկեց, դատարանն էլ բավարարեց պաշտպանի միջնորդությունը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից գրություն է ստացել, որը ներկայացրեց կողմերին։ Բաբայանը դատավորից հետաքրքրվել է՝ որքա՞ն է կազմում պետությանը Գրիգորյանի պատճառած վնասի չափն ու արդյո՞ք արգելանք է դրվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի կուղբաբուծական տնտեսության գույքի վրա։ Ավելի քան 329 հեկտար տարածքը պետությանը նվիրաբերելու որոշման մասին Գրիգորյանն էր հայտնել։

Դատավորն ասաց՝ հայտնի է, որ արգելանք է դրված Գրիգորյանի ամբողջ գույքի վրա։ Մարտիրոսյանի խոսքով՝ նախ պետք է քննարկվի գույքի վրայից արգելանքը հանելու միջնորդությունն ու հետո էլ վնասի փոխհատուցման հարցը։

Դատավորը նկատեց՝ իրավական ձևակերպման խնդիր կա. պետք է տարբերակել նվիրաբերությունը պետությանը պատճառած վնասի հատուցումից։

Պաշտպանը մեկ այլ միջնորդությամբ ևս հանդես եկավ. այս անգամ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու։ Խոսքը Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասին է, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Գույքի վրա արգելանք է դրվել քննիչի որոշմամբ:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ տվյալ ընկերությունը պատկանում է նրա որդուն՝ Կարեն Գրիգորյանին և նրա համաձայնությունը չկա:

Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, սակայն, ասաց. - «Գույքի սեփականատերը Կարեն Գրիգորյանը չէ: Մենք ցանկանում ենք վնասը հատուցել, բայց քանի որ Կառավարությունն ասում է՝ «չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել-չհանելը դատարանի տիրույթում է»։

Պաշտպանների պնդմամբ, Կարեն Գրիգորյանը գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ իր համաձայնությունը տվել է։

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչև դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքների պարզումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG