Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի դատախազությունը Ուզբեկստանին կվերադարձնի Քարիմովային պատկանող 130 միլիոն ֆրանկը


Գյուլնարա Քարիմովա, արխիվ
Գյուլնարա Քարիմովա, արխիվ

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը Ուզբեկստանին կվերադարձնի այդ երկրի նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովային պատկանող 130 միլիոն ֆրանկը:

Շվեյցարական իրավապահներն այդ գումարի վրա կալանք էին դրել Քարիմովայի մասնակցությամբ վեցերորդ տարին շարունակվող կոռուպցիայի և փողերի լվացման գործով հետաքննության շրջանակներում։

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը տարածած հայտարարությունում, սակայն, չի հստակեցնում, թե ինչ ժամկետներում այդ գումարը կփոխանցի Տաշքենդին:

Եվս 650 միլիոն ֆրանկ կամ մոտ 800 միլիոն ամերիկյան դոլար դեռևս մնում է կալանքի տակ։ Ինչպես պարզաբանել է շվեյցարական դատախազությունն՝ այդ գումարները Քարիմովան այլ անձանց հետ փորձել է թաքցնել Շվեյցարիայում բացված կեղծ ընկերությունների և բանկային հաշիվների օգնությամբ:

Հարյուր միլիոնավոր դոլարներ գոյացել են Միացյալ Նահանգներում, Շվեդիայում և Նիդերլանդներում գործող հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտներից: Այս երկրներում ևս Քարիմովայի նկատմամբ քրեական գործեր կան հարուցված:

Ժամանակին իր հոր իշխանության ժառանգորդը համարվող Գյուլնարա Քարիմովայի անվան հետ են կապվում ավելի քան մեկ միլիարդ դոլարի հասնող կոռուպցիոն սխեմաներ. մի շարք երկրներում, այդ թվում՝ հայրենիքում հարուցված քրեական գործերի համաձայն, նա խոշոր չափերի կաշառք է վերցրել միջազգային միջազգային կապի ընկերություններից՝ Ուզբեկստան նրանց մուտքի, լիցենզիայի և գործունեությունն ապահովելու դիմաց:

2017 թվականին Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը նրան տասը տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ շորթում, հարկերից խուսափում փողերի լվացում:

Մեկ տարի անց դատարանը նրա բանտային պատիժը փոխարինել է հինգ տարվա տնային կալանքով, սակայն այս տարվա մարտին նախկին նախագահի դուստրը կրկին բանտ է տեղափոխվել։

Ազատազրկումից առաջ Քարիմովան համարվում էր Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը: 23 տարեկանում նա արդեն երկրի արտգործնախարարի խորհրդականն էր, հետագայում՝ Ուզբեկստանի դեսպանը Շվեյցարիայում և Իսպանիայում:

Դիվանագիտությունից ու քաղաքականությունից բացի, Գյուլնարան նաև շոու բիզնեսով և նորաձևությամբ էր զբաղվում, նրա հավաքածուները ցուցադրվում էին աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում, իսկ ինքը հանդես էր գալիս որպես երգչուհի:

Նախօրեին 46-ամյա Քարիմովան բանտից դիմել է Ուզբեկստանի իշխանություններին՝ խնդրելով իր նկատմամբ մարդասիրություն դրսևորել և ազատ արձակել բանտից:

Նա պնդել է, թե վատառողջ է։ Քարիմովան նաև խոստացել է, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում չի հավակնի արտասահմանյան հաշիվներում գտնվող իր հարյուր միլիոնավոր դոլարներին։

«Ես փոխվել եմ»,- նախագահին ուղղված նամակում հավաստիացրել է ժամանակին Ուզբեկստանի ամենակարող անձանցից մեկը համարվող Գուլնարա Քարիմովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG