Մատչելիության հղումներ

«Վահե Գրիգորյանը հա՛մ ՍԴ նախագահն է, հա՛մ դատավորը». Ջհանգիրյան


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահը Վահե Գրիգորյանն է, այսօր «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը՝ շեշտելով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ ամբողջությամբ ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանում կարող են գործել միայն դատավորներ:

Հետևաբար, ըստ նրա, Հրայր Թովմասյանը ո՛չ դատարանի նախագահ կարող է լինել, ո՛չ էլ անդամ։

Ջհանգիրյան. - Մենք էս մի ամբողջ տարին գործ ենք ունեցել, քանի որ Սահմանադրությունն էլ է օրենք, օրենքով չնախատեսված դատարանի որոշումների հետ, այսինքն՝ ոչ պատշաճ դատարանի որոշումների հետ։

«Ազատություն». - Ոչ իրավազոր որոշումներ է կայացրե՞լ։

Ջհանգիրյան. - Այո՛, հիմա ես ասում եմ՝ մեր ամբողջ Սահմանադրական դատարանն անցած մեկ տարի եղել է օրենքով չնախատեսված դատարան և գործել է որպես ոչ պատշաճ դատական ատյան։ Հիմա էդ խնդիրը պետք է լուծում ստանա։ Վահե Գրիգորյանը սահմանադրական լուծում է առաջարկել։

«Ազատություն». - Հիմա ստեղծված իրավիճակում նա՞ է Սահմանադրական դատարանի նախագահը։

Ջհանգիրյան. - Քանի որ այսօր մենակ Վահե Գրիգորյանն է դատավոր, ինքը հա՛մ նախագահն է, հա՛մ դատավորն է, որովհետև այնտեղ այլ դատավոր չկա, մյուսն՝ արձակուրդի մեջ է։

«Ազատություն». - Հրայր Թովմասյանը չպե՞տք է գնա աշխատանքի։

Ջհանգիրյան. - Հրայր Թովմասյանը չի կարող Սահմանադրական դատարանում ո՛չ նախագահ լինել, ո՛չ դատավոր լինել, որովհետև ինքն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև դարձել է նախագահ: Թող Թովմասյանն ինքն ասի, ինքն է էդ Սահմանադրության հեղինակներից մեկը։

«Ազատություն». - 213 հոդվածը նրան թույլ չի՞ տալիս պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը։

Ջհանգիրյան. - Ո՛չ, նա Սահմանադրական դատարանի անդամով է երկարաձգվել, ոչ թե նա համարվել է դատավոր։ Թող իրենք պարզեն, թե ինչո՞ւ են էսպես անորակ, խոտան Սահմանադրության տեքստ պատրաստել, որ այսօր էլ էսպիսի խոչընդոտ է լինում։

«Ազատություն». - Հիմա Հրայր Թովմասյանը հրաժարակա՞ն պետք է ներկայացնի։

Ջհանգիրյան. - Ես չեմ կարող ասել, իրենց որոշումն է։

«Ազատություն». - Քանի դեռ Հրայր Թովմասյանը ղեկավարում է Սահմանադրական դատարանը, Դուք կարծում եք, որ այդ մարմինն իրավազոր չէ որևէ որոշում կայացնել։

Ջհանգիրյան. - Էլ չի ղեկավարում, ինքն, ըստ էության, չէր կարող ղեկավարել 2018 թվականի ապրիլի 9-ից։

Անդրադառնալով առաջին ատյանի դատավորի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշմանը՝ Գագիկ Ջհանիգրյանն ասաց, որ այդտեղ միտում է տեսնում:

Ավելին՝ նա չի բացառում, որ Դավիթ Գրիգորյանը որոշակի ծրագիր է իրականացնում․ - «Թե՛ խափանման միջոցի որոշման հետ կապված, թե՛ Սահմանադրական դատարան դիմելու, կասեցնելու որոշման հետ կապված, ինձ թվում էր, որ էդ դատավորը ինչ-որ ծրագիր է իրականացնում, հատուկ միտում ունի: Որովհետև կասեցրեց ու անմիջապես քրեական գործի նյութերն էլ ուղարկեց Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը գործի նյութերի հետ բացարձակ խնդիր չուներ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանը կարող է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, թե՞, ինչպես պնդում են Քոչարյանի պաշտպանները, պետք է չբավավարի բողոքը և գործը թողնի Սահմանադրական դատարանի քննությանը, Գագիկ Ջհանգիրյանը պնդեց, որ Վերաքննիչը միանշանակ իրավունք ունի բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, քանի որ գործի վարույթի կասեցման որոշումը բողոքարկման ենթակա է: Հետևաբար, եթե առաջին ատյանի որոշումը չի մնում ուժի մեջ և բեկանվում է Վերաքննիչում, ապա դադարում է ուժի մեջ մնալ նաև Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը:

Մինչդեռ այսօր հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի դիմումները՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի, քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների և Սահմանադրական կարգի տապալման հոդվածը սահմանադրականության հարցը քննարկելու վերաբերյալ:

Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ, սակայն, նույնիսկ եթե Սահմանադրական դատարանը ի վերջո վարույթ ընդունի դատավորի դիմումը, մինևնույն է, այն, որ Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, ապացուցվում է նրա գործողություններով․Քոչարյանն իրավունք չուներ արտակարգ դրություն հայտարարել և Զինված ուժերը կիրառել:

«Սահմանադրության անցումային դրույթներում ասվում էր՝ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է հին կարգով, այսինքն 95 թվականի խմբագրությամբ սահմանված կարգով, ըստ էության մինչև 2007 թվականի նոյեմբերի 25-ը: Որովհետև նոյեմբերի 25-ին լրանում էր Սահմանադրության երկու տարին: Դրանից հետո կամ էդ ընթացքում պետք է ընդունված լիներ օրենք արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին: Այսինքն 2007 թվականի նոյեմբերի 25-ից հետո իրավաբանորեն արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիր ստորագրելու լիազորություն չուներ: Սա մեկ: Սա Սահմանադրությունն էր արգելում: Երկրորդ, արտակարգ դրության ժամանակ իրավունք չուներ Զինված ուժերը կիրառել, կամ Պաշտպանության նախարարությանը մասնակից դարձնել: Ինչո՞ւ: Որովհետև Զինված ուժերի կիրառման կամ օգտագործման լիազորությունը նախագահին տրված էր ոչ թե 14-րդ կետով, այլ 13-րդ կետով․ էդ ժամանակ պետք է անպայման հայտարարվեր ռազմական դրություն: Իսկ ռազմական դրություն կարող էր հայտարարվել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, այդպիսի հարձակման իրական վտանգի և պատերազմ հայտարարելու դեպքում»:

Ջհանգիրյանի խոսքով, Զինված ուժերի կիրառումը արդեն բավարար է փաստելու, որ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել․ - «Որովհետև ապօրինի է կիրառել: Եթե նա կիրառած լիներ իր լիազորությունների շրջանակում, որևէ խնդիր չէր առաջանա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG