Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցի կարգավորման մեր դիվանագիտական ջանքերն արդյունավետ են․ Նիկոլ Փաշինյան


Ի՞նչ ակնկալիքներ ունի վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաղվա հանդիպումից: Ազգային ժողովում այս հարցը վարչապետին ուղղեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ շարունակելով՝ առհասարակ Ղարաբաղյան հարցի հետ կապված ինչպե՞ս է գնահատում դիվանագիտական ճակատում Հայաստանի ջանքերը գործադիրի ղեկավարը:

«Ղարաբաղի հարցը էնպիսի հարց է, որ պետք է դիտարկել լայն կոնտեքստում: Որովհետև իրեն առանձին դիտարկելը և փոքր մասշտաբով նայելը միշտ կբերի սխալ հետևությունների: Հայաստանի Հանրապետությունը այս առումով բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր դիվանագիտական ջանքերը վերջին շրջանի որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ և կոնկրետ արդյունքներ են բերել: Ես այսօր ձեռնպահ կմնամ այդ կոնկրետ արդյունքների մասին խոսել, բայց ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրված էր ընդդիմության լիազորությունների ընդլայնմամբ: Հարցրեց՝ պատրա՞ստ է կառավարությունը վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության պետի և Հաշվեքննիչ պալատի նախագահի լծակները տրամադրել ընդդիմությանը: Սերգեյ Բագրատյանի հիշելով, Փաշինյանը այդպիսի պահանջներ ունեցել է նախկին իշխանությունից, երբ ընդդիմություն է եղել:

Փաշինյանը հերքեց․ - «Երբեմն ինձ էնպիսի մեջբերումներ են վերագրում: Ես, օրինակ, չեմ հիշում, որ խոսել եմ երբևէ խորհրդարանում ընդդիմության վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության մասին: Տեսեք, ինչ տարօրինակ է հնչում․ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին առընթեր հանձնել ընդդիմությանը: Իսկ վարչապետի խորհրդականների և օգնականների ինստիտուտի մասի՞ն ինչ կարծիքի եք: Արժի՞ էսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները լինեն բոլորը ընդդիմությունից: Պարտադիր չի նույն կուսակցությունից, լինեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից: Սա երրորդը: Չորրորդը, Վերահսկիչ պալատը ասում եք, որ հանձնել ընդդիմությանը: Մինչդեռ մեր օրենսդրությամբ Վերահսկիչ պալատը անկախ մարմին պետք է լինի, և իր փիլիսոփայությունը և գաղափարաբանությունը հենց անկախ մարմնի մեջ է»:

ԲՀԿ-ից Արայիկ Աղաբաբյանը Արմավիրի մարզի ոռոգման խնդրի մասին բարձրաձայնեց: Գյուղատնտեսական աշխատանքները կաթվածահար են լինում ջրօգտագործողների միության պատճառով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղյակ է ջրային ոլորտի ճգնաժամային կառավարման մասին: Պատճառը էլեկտրաէներգիայի ահռելի պարտքերն են:

«Եվ այսօր, այո՛, ճիշտ եք նշում, որ շատ ջրօգտագործողների ընկերություններ կանգնած են խնդրի առաջ: Որովհետև նրանցից յուրաքաչյուրը նաև բանկերից վարկ է վերցրել, որպեսզի կարողանա իր պարտքերը փակի: Այսպիսի ծանր պատկեր ունենք, բայց լուծումները փորձում ենք գտնել: Առաջիկայում դրամական որոշակի միջոցներ եթե կառավարությունը տրամադրի, ես արդեն իսկ դիմել եմ կառավարությանը, մենք կփորձենք այս տարի սեպտեմբերի դրությամբ հասցնել զրոյական մակարդակի», - ասաց Պապիկյանը:

Շուրջ երեք ժամ տևած կառավարության և Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում չշրջանցվեցին կրթական ոլորտի հարցերը: Ընդունելության քննությունների արդյուքները մտահոգիչ են, Կրթության նախարար Արայիկ Հարությունյանից պատճառներով հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը: Անբավարար գնահատակնների բարձր ցուցանիշը «Հայոց լեզու» առարկայից է: Գո՞ւցե պատճառը շտեմարանների բովանդակությունն է:

Արայիկ Հարությունյանն արձագանքեց․ - «Այո, շտեմարանները մշտապես եղել են մեր ամենամեծ խնդիրներից մեկը ընդունելության ժամանակ: Եվ մենք հետզհետե ստանձնել ենք էդ թեստերը ոչ շտեմարանի հենքով ձևավորելու քաղաքականությունը: Եվ այս տարի առաջադրանքները մոտավորապես 30 տոկոսով հայերենի դեպքում փոփոխվել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG