Մատչելիության հղումներ

Ծառուկյանը ծանուցագիրը պատռել և չի ներկայացել հարցաքննության


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին իշխանության թեկնածու նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործով հարցաքննության է հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Սակայն պատգամավորը պատռել է քննիչից ստացած ծանուցագիրը և չի ներկայանալ հարցաքննության:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պատգամավորի այս քայլը անհարգալից վերաբերմունք է իրավապահ համակարգի նկատմամբ․ - «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանը առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցում: Ուզում եմ նշել, որ Քննչական կոմիտեն նաև Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ծանուցումը ստանալուց հետո այն պատռել է: Կարծում եմ, որ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, պարոն Ծառուկյանն իրավունք չուներ նման կերպ վարվելու, որովհետև իր արարքը ոչ այլ ինչ է, քան անհանգալից վերաբերմունք իրավապահ մարմինների նկատմամբ»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի տունն ու մեքենան հրկիիզել էին հունիսի 8-ի գիշերը: Հարուցված քրեական գործով դեռ կասկածյալ չկա: Տուժող Սարիբեկյանը դեպքը պայմանավորել էր քաղաքապետի ընտրություններով, իսկ իշխանության թեկնածուի հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի աջակցությունը վայելող գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էր:

Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրված Ծառուկյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե հրկիզման գործը շինծու է․ - «Բա իհարկե, սարքած գործ էր: Ինձ թվում ա, այսօր կամ վաղը դա պիտի բացահայտվի: Օրենքի առաջ բոլորը հավասար են, և սա պարտադիր է: Եվ վարչապետը պետք է պարտադրի անմիջապես այդ գործը բացահայտելը»:

Քննչական կոմիտեից չեն պարզաբանում, թե այս գործով ինչու են Ծառուկյանին հարցաքննության կանչել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մեկնաբանել խմբակցության ղեկավարի քայլը:

Նա վերահաստատեց իրենց դիրքորոշումը․ - «Մենք շարունակում ենք ունենալ ողջախոհ և ողջամիտ կասկածներ առ այն, որ Աբովյանում տեղի ունեցածը, այդ հրդեհը դա մասկի շոու էր և կազմակերպված էր: Ոստիկանության գործն է ցրել կամ հաստատել մեր կասկածները: Եղել է ծանուցում պարոն Ծառուկյանի, չի եղել ծանուցում, և այն, ինչ որ հայտնել է այսօր մամուլի խոսնակը, համապատասխանում է իրականությանը, թե ոչ՝ ես չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել»:

Քննչական կոմիտեից խոստացան ավելի ուշ պատասխանել հարցին՝ ծանուցագիրը պատռած Ծառուկյանը կրկին հրավիրվելո՞ւ է հարցաքննության, և եթե համառորեն չներկայանա, ի՞նչ քայլերի են դիմելու:

«Տեղեկատվություն չեմ շտապի հայտնել, որովհետև որոշում կայացվող գործընթացների մասին անհրաժեշտության դեպքում նախաքննական մարմինը հանդես կգա հայտարարությամբ», - ասաց Նաիրա Հարությունյանը:

Քրեական դատավարության օրենքով, չներկայանլու դեպքում քննիչը բերման ենթարկելու որոշում է կայացնում: Բայց քանի որ Ծառուկյանը պատգամավորական անձեռնմխելիություն ունի, նրան բերման ենթարկելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի թույլտվությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, նման հարցով խորհրդարանին կարող է դիմել Գլխավոր դատախազը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG