ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԽ ֆեյսբուքյան էջը:
«Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում», - ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացել փոխադարձ հրավեր։
Անդրադարձ է կատարվել էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորել է Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։