Մատչելիության հղումներ

Դիմորդների գրեթե 20 տոկոսը հայոց լեզվի և գրականության քննությունից անբավարար է ստացել


ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան

Դիմորդների գրեթե 20 տոկոսը այս տարի հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից անբավարար է ստացել՝ չհաղթահարելով անցողիկ 8 միավորի շեմը։ Այսինքն յուրաքանչյուր հինգերորդ դիմորդ կտրվել է։ Տարիներ շարունակ բազմաթիվ քննարկումների առարկա դարձած շտեմարանների առաջադրանքներով կազմված թեստերն այս տարի Կրթության և գիտության նախարարի հորդորով փոփոխվել են, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն մայրենիից այսքան ցածր արդյունքը հենց դրանով է պայմանավորում։

«Շտեմարանից դուրս որևէ առաջադրանք չկա, շտեմարանից դուրս որևէ խնդիր, հարց, վարժություն չկա։ Բոլոր և՛ առաջադրանքները, և՛ պատասխանները շտեմարանից են, պարզապես այս անգամ, ինչպես բնագիտական առարկաները, խառնել ենք պատասխանների տեղերը։ Արվել է միմիայն մի նպատակով, ցանկություն հայտնել էր նախարարը, որպեսզի երեխաները շտեմարանները անգիր չանեն», - նշեց Նասիբյանը։

ԳԹԿ փոխտնօրենն ընդունում է, որ դպրոցն ավարտողների և բուհ ընդունվողների մի մասը շտեմարաններն անգիր էին անում և այդպես պատրաստվում քննությանը․ «Նույնիսկ կան կրկնուսույցներ, որոնք ընդամենը երեխաներից պահանջում են մի քանի էջ օրական անգիր պատասխանել իրենց»։

Նասիբյանը հիշեցնում է՝ ժամանակին շտեմարանները շրջանառության մեջ են դրել, քանի որ բազմաթիվ են եղել բողոքները, որ քննական թեստի առաջադրանքները դպրոցական ծրագրով սովորողների համար հասանելի չեն, այսինքն հիմա ծնողը կամ երեխան չեն կարող բողոքել, որ առաջդրանքին ծանոթ չեն։ ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ այժմ կրկին փոփոխությունների կարիք կա։

«Առայժմ չենք քննարկում, բայց կարծում եմ՝ ժամանակն է սկսել քննարկել, բայց չպիտի փոխենք ու հետո մտածենք ինչ անենք։ Այսինքն պիտի մտածենք ինչ անենք հետո նոր փոխենք», - ընդգծեց նա։

Այնուամենայնիվ, Նասիբյանի համար անհասկանալի է մնում՝ ինչպես բուհում ուսանել պատրաստվող շրջանավարտը չի կարողանում բավարար միավորներ հավաքել։

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանը նման ցածր արդյունքների պատճառներն այլ տեղ է տեսնում։

«Դպրոցում սովորում են մեկ բան, շտեմարաններով պահանջում են մեկ այլ բան։ Ընդհանրապես ես չեմ տեսնում շտեմարաններում գիտելիք, ինձ թվում է այնտեղ անգիր անելու նյութ է», - ասաց Կատվալյանը։

Գիտնականի խոսքով՝ գիտելիքը պիտի դրսևորվի լեզվի կանոնների իմացությամբ և գեղեցիկ, գրագետ խոսք ձևակերպելու ունակությամբ։ Ըստ նրա, շտեմարանները ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին չեն նպաստում։ Նա խնդիրն առաջին հերթին դպրոցական ծրագրում է տեսնում. «Դպրոցում պետք է մեծ ուշադրություն դարձվի խոսքի մշակույթի ձևավորմանը։ Չպետք է շատ ուշադրություն կենտրոնացվի քերականական կանոնները սերտելուն»։

Կատվալյանի կարծիքով պետք է փոխել ծրագրերը, քննություններն էլ փաստերի իմացության վրա չպետք է հիմնվեն, աշակերտները վերլուծական միտք ունենալով և փաստերից օգտվելով պիտի կարողանան եզրակացություններ անել։

Երևանի համար 195 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Շողիկ Հովհաննիսյանը համաձայն է՝ դպրոցը լավ հումք չի տալիս։

«Մի մասը սովորում են, մյուս մասը չեն սովորում, որովհետև ուզում են վերցնել, մի մասը չի ուզում։ Միջին դպրոցը մեզ չի տալիս այն հումքը, որ մենք կարողանանք լավ աշակերտներ տալ», - նշեց Հովհաննիսյանը։

Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը միասնական քննությունների անցկացման լավ տարբերակ է համարում փոխադրությունները, ճիշտ է, այդ պարագայում հնարավոր են կոռուպցիոն ռիսկեր, սակայն, ըստ Կատվալյանի, դրա վտանգը միշտ էլ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG