Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյան, արխիվ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը և գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանն այսօր ևս դատարան չէր եկել. նա հիվանդանոցում է։

Գրիգորյանի պաշտպանները շարունակում են պնդել՝ իրենց պաշտպանյալի կալանքն անհամատեղելի է հիվանդությունների հետ: Որոշման հրապարակումից հետո պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը հայտարարեց՝ իրենց համար անակնկալ չէր դատարանի որոշումը։

«Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որը ամբողջովին ընկած է կեղտի և կոռուպցիայի մեջ», - նշեց Բաղդասարյանը։

Այսօր Երևանի առաջին ատյանի դատարանում էլ հետաձգվեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի բուն գործով նիստը։ Գրիգորյանը չէր եկել դատարան, պատճառաբանությամբ՝ ի վիճակի չէ։ Մեղադրող դատախազները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանին 2-րդ անգամ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։

«Փորձագիտական հանձնաժողովին առաջարկելով հետևյալ հարցերը՝ ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանցից որևէ մեկը, տեսակը, ծանրության աստիճանը», - ասաց Դոլմազյանը։

Մանվել Գրիգորյանի պաշպաններից Լևոն Բաղդասարյանը հակադարձեց՝ դատավորը չի կարող քննել միջնորդությունն առանց Գրիգորյանի։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից գրություն էր ստացել, որը ներկայացրեց կողմերին։ Բաբայանը դատավորից հետաքրքրվել է՝ որքա՞ն է կազմում պետությանը Գրիգորյանի պատճառած վնասի չափն ու արդյո՞ք արգելանք է դրվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի կուղբաբուծական տնտեսության գույքի վրա։ Ավելի քան 329 հեկտար տարածքը պետությանը նվիրաբերելու որոշման մասին Գրիգորյանն էր հայտնել։ Դատավորն ասաց՝ հայտնի է՝ արգելանք է դրված Գրիգորյանի ամբողջ գույքի վրա։ Մարտիրոսյանի խոսքով՝ նախ պետք է քննարկվի գույքի վրայից արգելանքը հանելու միջնորդությունն ու հետո էլ վնասի փոխհատուցման հարցը։ Դատավորը նկատեց՝ իրավական ձևակերպման խնդիր կա. պետք է տարբերակել նվիրաբերությունը պետությանը պատճառած վնասի հատուցումից։

Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Այնտեղից մեզ հայտնեցին՝ Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Երեկ, ի դեպ, խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության ընթացքում մեղադրող դատախազները Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորել են այն հանգամանքով, որ Գրիգորյանը տևական ժամանակ հրաժարվել է դեղորայք ընդունել։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG