Մատչելիության հղումներ

Թույլատրվել է, որ Մանվել Գրիգորյանին խնամի նրա հարազատներից մեկը


ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդությունների թիվը կալանավորումից հետո 3-ից 33-ի է հասել ու այժմ նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Այդ է պատճառը, որ թույլատրվել է, որ նրան խնամի հարազատներից մեկը։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեցին Գրիգորյանի պաշտպանները։ Դատարանն այսօր քննում էր Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց. «Մանվել Գրիգորյանի հիվանդությունը բուժող հայտնի բժիշկ Ռոբերտ Ավետյանը 2019 թվականի հունիսի 13-ին տեղեկանալով, ուսումնասիրելով վերջին այս բժշկական փաստաթղթերը, նշում է, որ կյանքին սպառնացող ռիսկը կարող է շատ շուտ վրա հասնել», - ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը

Պաշտպաններից Կարեն Քամալյանի խոսքով՝ այժմ ոչ մի հիմք չկա Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար։ Ավելին, պաշտպանական կողմը նախկին պատգամավորին անազատության մեջ պահելը որակում է որպես խոշտանգում։

«Կալանավորվելուց հետո մինչ այսօր գնալով ծանրացել և ծանրանում է նրա առողջական վիճակը։ Հարգելի դատարան, հասել է արդեն գանգրենայի 50 տոկոսանոց աստիճանի ու գնալով վատանում է։ Այսօր Մանվել Գրիգորյանը մեր պետության կողմից, հարգելի դատարան, խոշտանգվում է։ Խնդրում եմ դատարանին, նաև պահանջում եմ մեր իրավական հարթության վրա այս խնդիրը լուծել», - նշեց Քամալյանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նիստի ընթացքում երկու անգամ ընդհատեց պաշտպան Արսեն Մկրտչյանի ելույթը, որն, ըստ նրա, չի առնչվում բողոքի քննությանը։ Մկրտչյանը Գրիգորյանի կենսագրությունն էր ներկայացնում։ Պաշտպանի ելույթը միջամտեց նաև դատավոր Նարինե Հովակիմյանը։

Այնուամենայնիվ, Արսեն Մկրտչյանը որոշ դրվագներ ներակայցրեց Գրիգորյանի կեսնագրությունից։ Ըստ Մկրտչյանի, Գրիգորյանն ադրբեջանական գերության բացասական հետևանքներն ավելի մեղմ են եղել, քան հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում դրսևորված վերաբերմունքը։

«Աշխարհում ընդունված է, որ մեկուսարանից են բերում շտապօգնության մեքենայով հիվանդանոց, որ հիվանդանոցից շտապօգնության մեքենայով տանեն կալանավայր, դա միայն Մանվել Գրիգորյանի հետ է եղել», - ընդգծեց Մկրտչյանը։

Պաշտպանները շարունակում են անօրինական համարել Գրիգորյանին կալանքում պահելը։ Մեղադրող դատախազների ներկայացմամբ՝ բոլոր հիմքրեը կան Գրիգորյանին կալանքում պահելու համար։ Դատախազ Վահե Դոլմազյանը ընթերցեց այսօր լրատվամիջոցներում հրապարակված նյութը, որում Նաիրի բժկական կենտրոնի տնօրենն ասում է, որ Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վասթարացել է, երբ վերջինս հրաժարվել է դեղորայք ընդունելուց։

«Գրիգորյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, երբ նա ԲԿ-ից դուրս գրվելուց հետո հրաժարվել էր դեղորայք ընդունելուց։ Սա դատարանի այն հարցի պատասխանն էր, թե դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու պատճառո՞վ է վատացել, թե՞այլ պատճառով կարող է վատացած լինի», - ասաց Դոլմազյանը։

Մանվել Գրիգորյանը անցած շաբաթ է Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխվել։ Մինչ այդ նա գտնվում էր Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Նաիրի բժշկական կենտրոնից «Ազատությանը» տեղեկացրին, որ Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է. նրա մոտ ո՛չ դրական, ո՛չ բացասական տեղաշարժեր չեն նկատվում։ Գրիգորյանն արդեն ընդունում է իր դեղորայքը։

Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը։ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG