Մատչելիության հղումներ

Եգիպտոսի հանկարծամահ եղած նախկին նախագահին հուղարկավորել են Կահիրեում


Մուհամեդ Մուրսին դատարանում, Կահիրե, արխիվ
Մուհամեդ Մուրսին դատարանում, Կահիրե, արխիվ

Նախօրեին դատարանի դահլիճում հանկարծամահ եղած Եգիպտոսի նախկին նախագահ և «Մահմեդական եղբայրներ» շարժման նախկին առաջնորդ Մուհամեդ Մուրսիին հուղարկավորել են Կահիրեում:

Մուրսիի ընտանիքի անդամները բանտի մզկիթում մասնակցել են հանգուցյալի հետ հրաժեշտի արարողությանը:

Մուրսիի որդին՝ Ահմեդն ասել է, որ անվտանգության ծառայությունները թույլ չեն տվել նախկին նախագահին հուղարկավորել իր ծննդավայր Շարքիա ավանի ընտանեկան գերեզմանատանը և կարգադրել են նրան հողին հանձնել Կահիրեի արևմտյան թաղամասում՝ Նասրում:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պահաջել է Մուրսիի մահվան հանգամանքների, բանտում գտնվելու պայմանների և բուժօգնություն ստանալու հնարավորության հարցերով անցկացնել չեզոք, արդար և թափանցիկ քննություն:

Ենթադրվում է, որ 67-ամյա Մուրսին մահացել է սրտի կաթվածից՝ դատարանում ելույթ ունենալոուց հետո:

Նա համարվում է դեմոկրատական եղանակով Եգիպտոսում ընտրված առաջին նախագահը:

Նրա առաջնորդած «Մահմեդական եղբայրներ» միավորումն այսօրվա դրությամբ հայտարարված է օրենքից դուրս:

Մուրսիին 2013 թվականին գահընկեց են արել զինվորականները, որոնց համոզմամբ, նախագահը հետապնդել է աշխարհիկ Եգիպտոսում իսլամական կարգեր հաստատելու նպատակ:

Նոր իշխանությունը դատական բազմաթիվ գործեր է հարուցել «Մահմեդական եղբայրներ» միավորման անդամների և աջակիցների նկատմամբ:

«Մահմեդական եղբայրների» խոսնակը հայտարարել է, որ իշխանությունները Մուրսիին մահվան են հասցրել և պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG