Թուրքիան ենթադրում է մոտ ապագայում ստանալ ռուսական արտադրության S-400 (C-400) տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը:
«Կարծում եմ` S-400-ները Թուրքիա կհասնեն հուլիսի առաջին կեսին», - այսօր CNN Turk հեռուստակայանի հետ զրույցում ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Անկարայի և Մոսկվայի այդ գործարքը մեծ դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում, որտեղ սպառնացել են թուրքերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:
Գործարքը քննադատում են նաև ՆԱՏՕ-ի ղեկավարները` նշելով, որ ռուսական արտադրության սպառազենը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի սպառազենի հետ:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ S-400 համակարգերը սպառնալիք են F-35 տեսակի մարտական օդանավերի համար: Վաշինգոտնը սպառնացել է ոչ միայն չեղարկել այդ օդանավերը Թուրքիային վաճառելու, այլև դրանք թուրքերի հետ համատեղ արտադրելու գործարքները:
Էրդողանը հաղորդել է, որ այդ բոլոր խնդիրները մտադիր է քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ այս ամիս գումարվելիք «Մեծ քսանի» գագաթնաժողովում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան պատասխան կտա Վաշինտոնի կողմից սահմանվելիք հնարավոր պատժամիջոցին: