Մատչելիության հղումներ

Տպավորություն է, որ Ծառուկյանի դեմ միտումնավոր գրոհ կա․ ԲՀԿ պատգամավոր


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․

Քննչական կոմիտեն երկրորդ անգամ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցաքննության ծանուցում ուղարկել՝ այս անգամ, սակայն, Ազգային ժողով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ ծանուցումը Ծառուկյանին կհանձնեն Ազգային ժողովի համապատասխան աշխատակիցները:

«Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելու ծանուցում է ուղարկվել: Ուզում եմ նշել, որ ծանուցումն ուղարկել ենք խորհրդարան», - ասաց Հարությունյանը՝ հավելելով․ - «Անցյալ անգամ ևս առձեռն էր ստացել, այս անգամ էլ ևս պարոն Ծառուկյանը առձեռն կստանա: Ուղարկել ենք խորհրդարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա պատգամավոր է, և վստահ եմ՝ խորհրդարանի համապատասխան բաժինը կրկին առձեռն կփոխանցի իրեն»:

Քննչական կոմիտեի խոսնակը նշեց, որ երեկ երեկոյան են ուղարկել ծանուցագիրը․ - «Խորհրդարանը համապատասխան բաժին ունի՝ համապատասխան բաժինը կհանձնի»:

ԲՀԿ առաջնորդին հարցաքննության են հրավիրում Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործով: Հիշեցնենք՝ առաջին անգամ ծանուցումն ուղարկվել էր Գագիկ Ծառուկյանի գրանցման հասցե, սակայն նա ծանուցումն առձեռն ստանալուց հետո պատռել էր, իսկ ավելի ուշ «Ազատությանն» ասել է, թե իրեն վիրավորել են ծանուցագիր ուղարկելով:

Այսօր «Ազատության» հարցին, որ եթե ԲՀԿ ղեկավարը երկրորդ անգամ հրաժարվի ներկայանալ հարցաքննության, ապա նրան բերմա՞ն կենթարկեն, Քննչական կոմիտեի խոսնակը պատասխանեց, թե նախաքննական մարմինը կորոշի իր հետագա քայլերը․ - «Նախաքննական մարմինն արդեն հետագա քայլերը կորոշի, և վստահեցնում եմ, որ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ հետագա քայլերի վերաբերյալ»:

Ամեն դեպքում, Նաիրա Հարությունյանը շեշտեց՝ Ծառուկյանը պետք է հիշի, որ ինքը ևս հավասար է օրենքի առջև:

«Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ սխալ է, և որ իրեն դուք վիրավորել եք, երբ ծանուցագիր եք ուղարկել, դուք պետք է այլ անձի դա ուղարկեիք», - այս դիտարկմանը Նաիրա Հարությունյանն արձագանքեց․ - «Նախաքննական մարմինն ինքն է որոշում, թե քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող անձինք ով են, և ծանուցում [ուղարկելու] և հարցաքննության հրավիրելու մեջ որևէ վիրավորական քայլ չկա, հատկապես որ պարոն Ծառուկյանը մշտապես հայտարարել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Կարծում եմ, որ այդ հայտարարությունն անելուց առաջ գոնե պիտի հիշեր, որ ինքը ևս օրենքի առաջ հավասար է»:

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ծանուցագիրն ստանալուց հետո Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի՝ գնա՞լ հարցաքննության, թե՞՝ ոչ:

Ընդդիմադիր պատգամավորն այս ամենում միտում է տեսնում, շեշտելով, թե փորձում են շահարկել Ծառուկյանի անունը՝ «գրոհ» կազմակերպելով նրա դեմ:

«Ազատության» հարցին՝ «բայց համաձայն եք, չէ՞, որ եթե նախաքննական մարմինը կանչում է հարցաքննության վկայի կարգավիճակով, թեկուզ և պատգամավորին, ապա պատգամավորը պետք է ի վերջո ենթարկվի օրենքին», Պետրոսյանը հակադարձեց․ - «Բայց ո՞վ է ասել, որ պարոն Ծառուկյանը չի ենթարկվում օրենքին: Դա ինչ-որ մարդկանց կողմից հնարված ինչ-որ վարկած է, տեսակետ է՝ շրջանառության մեջ գցելու համար, և անհարմար է ուղղակի: Էդ դեպքով, ուրեմն, բոլոր քննչական գործողությունները կատարված են, բոլոր վկաները հարցաքննված են, էդ բավարար չի՝ նրանց կողմից ձեռք բերված ապացույցները, մնացել է մենակ պարոն Ծառուկյանի ցուցմունքը՞, որ էդ գործը հասնի իր տրամաբանական ավարտին: Այ սա է պատճառը, որ տպավորություն է ստեղծվում, որ սա ինչ-որ ևս մեկ անգամ առանց հիմնավոր առիթի, առանց հիմնավոր պատճառի Ծառուկյանի անունը շահարկելու ինչ-որ փորձ է կատարվում, որը ոչ մեկի համար, այդ թվում՝ հենց իրենց, պատվաբեր չի»:

«Ուղղակի սա արդեն իսկ տպավորություն է ստեղծում, որ էստեղ միտումնավոր գրոհ կա: Բայց ես ասում եմ, որ էդ գրոհը փառունակ չի, դա իրենց համար ցանկալի վերջաբան չունի», - պնդեց ԲՀԿ պատգամավորը՝ շարունակելով․ - «Հիմա, պատգամավորի արտահայտած կարծիքը, որը, Սահմանադրության համաձայն, դա պատգամավորի անձեռնմխելիության ատրիբուտներից մեկն է, էդ կարծիքը արտահայտելու համար առաջինը էդ պատգամավորին են կանչո՞ւմ հարցաքննության: Սա է՞ իրավական պետությունը»:

Գևորգ Պետրոսյանին վրդովեցրել է նաև Քննչական կոմիտեի խոսնակի այն դիտարկումը, որ բոլորը, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, հավասար են օրենքի առջև, և եթե հարցաքննության են կանչում, դրանից վիրավորվել պետք չէ:

«Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի մամլո քարտուղարին, երևի թե ինքը իր իրավունքներն ու պարտականությունները մի քիչ լավ չի պատկերացնում․ ի՞նչ գործ ունի մամլո քարտուղարը դատողություններ անի Ծառուկյանի կամ որևէ այլ անձի ծանուցագրի ստանալու հետևանքների մասին, մի՞թե էդ է իր իրավասության ոլորտը: Ես հորդորում եմ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հրկիզվել էին իշխանության թեկնածու նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը: Քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գրիգոր Գուլյանը և ԲՀԿ-ի աջակցությունը վայելող գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Վերջինս մոտ 400 ձայնի առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին: Ընտրություններից հետո Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, թե հրկիզման այդ գործը սարքված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG