Մատչելիության հղումներ

«Ձեր յախան թափ տվեք էս գործից». Քոչարյանը միացավ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 12-ը հունիսի, 2019թ.

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի և գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ բողոքի քննության շրջանակներում դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանները կասկածներ ունեին դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Միջնորդությանը չմիացան տուժողների իրավահաջորդներն ու մեղադրող կողմը:

Միջնորդությունը մերժելու որոշումից հետո տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը արդեն դատավորի ինքնաբացարկի իր միջնորդությունը ներկայացրեց՝ այլ հիմքերով: Մասնավորապես, որ դատավորը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով, բացի այդ, Դանիելյանը Մարտի 1-ի գործով մի քանի վճիռներ ունի, որոնք Սաֆարյանի գնահատմամբ արդարացի չեն: Փաստաբանը դատավորին անվանեց «Քոչարյանի ռեժիմի պաշտպան»։

Մեղադրող կողմը չմիացավ Սաֆարյանի միջնորդության առաջին մասին՝ նշելով, որ դատավորի՝ Քոչարյանի կողմից նշանակաված լինելու փաստը հիմք չէ ինքնաբացարկի համար, իսկ միջնորդության երկրորդ մասը թողեցին դատավորի հայեցողությանը, նշելով՝ եթե դատավորը գտնում է, որ նախկինում Մարտի 1-ին առնչվող գործերով իր կայացրած որոշումները կկաշկանդեն իրեն արդարացի որոշում կայացնել, ապա թող ինքնաբացարկ ներկայացնի։

Քոչարյանի պաշտպանները չմիացան Սաֆարյանի միջնորդության նկարագրությանը, բայց միացան եզրափակիչ մասին, և զուգահեռ՝ Քոչարյանի, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները առանձին-առանձին, տարբեր հիմքերով ինքնաբացարկի իրենց միջնորդությունները ներկայացրեցին: Այդ բոլոր միջնորդություններին միացավ Քոչարյանը՝ իր կողմից ավելացնելով, որ սա դատավոր Դանիելյանի «թափի գործը չի», և զգուշացրեց, որ հետագայում մարդիկ այս գործի համար խիստ պատասխանատվության են ենթարկվելու։

«Ծանոթ լինելով այս քրեական գործին, որը ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, մենք դեռ հասնելու ենք նրան, որ ինքնաբացարկ տաք, հուսով եմ, որ կտաք, բայց ելնելով այս ամեն ինչից և Ձեր նկատմամբ հնչեցված անվստահության կարծիքներից, ևս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ՝ Ձեր յախան թափ տվեք էս գործից», - նշեց Քոչարյանը։

Մեղադրող կողմը այդ միջնորդություններին չմիացավ՝ ընդգծելով, որ դատավորը ինքը պետք է որոշի՝ կաշկանդվա՞ծ է, թե՞ ոչ։

Տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը նիստի ընթացքում դիմեց Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով՝ ինչո՞ւ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո՝ իր նախագահ եղած 40 օրերի ընթացքում ոչինչ չի արել Մարտի 1-ը բացահայտելու համար։

«Ինչի՞ համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն, եթե սպանությունները չբացահայտեցիք, լավ, դժվար գործ էր, թալանեցին խանութները՝ ոչ մեկը չդատապարտվեց, այրեցին մեքենաները՝ ոչ մեկը չդատապարտվեց, ինչի՞ համար», - հարցրեց Քլոյանը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին:

Ի դեպ, նիստի ընդմիջմանը «Ազատությունը» Քոչարյանից հետաքրքրվեց՝ վերջերս Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում Մարտի 1-ի հարցը քննարկե՞լ են, թե՞ ոչ: Նախկին նախագահն ասաց՝ տրամադրված չէ հարցերի պատասխանելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG