Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կշարունակվի մայիսի 18-ին


Ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ Դատարանը որոշումները կներկայացնի հունիսի 18-ին՝ ժամը 16-ին։

Ավելի վաղ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, որին միացան նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ մասնակիորեն, այսինքն՝ միայն եզրափակիչ մասին, ոչ բովանդակությանը։

Բովանդակության մեջ Սեդա Սաֆարյանը նշում էր, որ դատավորը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել, քանի որ նա նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, նա մի քանի որոշումներ է կայացրել Մարտի 1-ի գործով ու այդ որոշումները կայացնելիս պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։

Ինքնաբացարկի միջնորդություններին, ըստ էության, չմիացան դատախազները, մեղադրող կողմը։ Նրանք դա թողեցին դատավորի հայեցողությանը՝ նշելով, որ դատավորը ինքը պետք է հետևություն կատարի՝ կաշկանդվա՞ծ է ինքը այս գործով որոշում կայացնել, թե՞ ոչ։

Նիստի ընթացքում խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը, վերջինս հետաքրքիր դիտարկում արեց՝ զգուշացնելով կողմերին, որ տարիներ անց այս գործի հետ կապված շատերը պատասխան են տալու։ Նա դատավորին ուղղված խոսում նշեց, որ դա «դատավորի թափի գործը չի»։

Նիստի ընթացքում Քոչարյանին դիմեց նաև տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը՝ Գոռ Քլոյանի հայրը։ Նա Քոչարյանին հարցրեց՝ ինչո՞ւ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին հաջորդած 40 օրերի ընթացքում, երբ դեռ նախագահ էր, չի բացահայտել այս գործը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG