Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարներն ու համանախագահները Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ.
Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարներն ու համանախագահները Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ.

Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում, Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։

«Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը», - ասված է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ «Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ», - ասված է հաղորդագրությունում։

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG