Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ «Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի մեր առաջարկը»


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

«Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Չավուշօղլուն պնդել է, թե «Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ հարաբերություններին»։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշման առիթով Չավուշօղլուն կրկնել է պաշտոնական Անկարայի այն տեսակետը, թե այդ որոշումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին։

Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը։ «Թող այդ հանձնաժողովում Ֆրանսիան լինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ը լինեն։ Հայաստանն ուզած երկրին կարող է ներգրավել։ Բացենք արխիվները», - հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան պատրաստ է ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG