Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյան․ «Ես իրենց հետ խաշ-խորովածի սեղանների վրա չեմ ծանոթացել՝ բանտերում եմ ծանոթացել»


Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 13-ը հունիսի, 2019թ․

ՍԴ-ի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն իր անաչառությանը վստահ է, պնդում է՝ ընտրվելով ինքը չի գնա հին ավանդույթները շարունակելու, մինչդեռ ընդդիմադիրները անհանգստություններ ունեն՝ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով։

«Ովքեր ինձ ճանաչում են՝ կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ խաշ-խորովածի, քյաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել։ Ես էդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել, ես եմ բանտում եղել՝ իրենք են զբաղվել, իրենք են բանտերում եղել՝ ես եմ զբաղվել էդ գործերով, և երբ որ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում էլ չի եղել, և իմ՝ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես պրոֆեսիոնալ հողի վրա: Ես փաստաբան եմ։ «Հիմա, շատ նորմալ բան է, երբ որ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն: Ես դրա համար ոչ մեկի չեմ կարող ձաղկել, հակառակն է անտրամաբանական», - լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամի թեկնածուն։

Հենց մեծամասնության ձայներից է կախված՝ Գրիգորյանը կընտրվի ՍԴ անդամ, թե ոչ։ Նախագահ Արմեն Սարգսյանը թեկնածու առաջադրելու 5-րդ փորձն է անում, թեկնածուներից երկուսը այս խորհրդարանում չեն ընտրվել, երկուսը՝ նախորդում: Ընդ որում, սա Գրիգորյանի երկրորդ առաջադրումն է, նրա թեկնածությունը մեկ անգամ մերժվել է անցած տարի, երբ որոշիչ էին Հանրապետականի ձայները։ Չորրորդ ձախողված փորձից հետո ընդդիմադիրները բաց տեքստով պնդում էին, որ իշխանությունը հենց նրան է ուզում տեսնել այս պաշտոնում:

Թեկնածուն չի թաքցնում՝ ունի քաղաքական հայացքներ, կարծում է՝ հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը՝ նույնիսկ դատավորի համար:

«Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ։ Ես չեմ կարող դրանք չունենալ, դրանց մի մասը ես նաև բարձրաձայնել եմ: Սահմանադրական դատարանը ապակուսակցակա՛ն քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Սահմանադրական դատարանն է», - ասաց ՍԴ անդամի թեկնածուն՝ մանրամասնելով․ - «Ընտրությունների արդյունքներ՝ ընտրությունների արդյունքները՝ ասված է, այսինքն, ժողովրդի կողմից իշխանությունը ում է վստահվել, վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է»:

«Ձեր հայացքները Ձեզ չե՞ն խանգարի, որպեսզի, օրինակ, եթե իշխանության որևէ ներկայացուցիչ փորձի զանգով արդարադատություն իրականացնել, Դուք ասեք՝ չէ», - «Ազատության» այս հարցին Գրիգորյանն արձագանքեց․ - «Ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը, և ես երբեք չեմ արդարանալու, որ ճնշման տակ եմ եղել: Որ պահին ես ճնշման տակ եմ՝ ես այլևս դատավոր չեմ լինի, եթե ես ընտրվեմ դատավոր։ Էս վերջերս նաև քննարկվում էր դատական իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու հարցը, էդ ամենը ծիծաղելի է։ Եթե գործադիր իշխանության ղեկավարի մի կոչով ճնշում կարելի է գործածել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է այդ դատական իշխանությունը»:

Հավաստիացնում էր՝ ինքը չի տվել դատարանների մուտքերը փակելու միտքը, չնայած դրա մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում. «Սա վերջին 2,5 տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունք է։ Ես մեծ հաշվով դրա մեջ հնարավորություն եմ տեսել նաև, որպեսզի դատավորները խոսեն մարդկանց հետ, ոչ մի սխալ բան չկա», - նշեց ՍԴ անդամի թեկնածուն։

Վահե Գրիգորյանը համոզված է՝ ՍԴ-ն պետք է մերժի Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Օրերս դրա նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 9-ը, ամենայն հավանականությամբ հենց այդ օրը հայտնի կդառնա՝ դատարանը գործը վարույթ է ընդունում, թե մերժում է։ Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին կալանքից ազատելով, դատավորը անմիջապես կասեցրել էր գործի վարույթը, այն ուղարկել էր ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Գրիգորյանը Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ընտրվելու դեպքում, ասաց, չի կարող մասնակցել գործի քննությանը, օրենքն է արգելում, եթե ՍԴ դատավորը մասնակցել է գործի քննությանն այլ դատարանում. «Դա պիտի արդեն մերժված լիներ։ Ըստ էության, Սահմանադրական դատարան ներկայացվել է մի դիմում, դատավորի որոշումն է համարվում դիմում էս դեպքում, որը հիմա վիճարկման փուլում է, այսինքն ցանկացած պահի այդ դիմումը կարող է վերացվել։ Օրինակ, Վերաքննիչ քրեական դատարանը եթե վերացրեց էդ որոշումը, դիմումը վերացրած է լինելու։ Սահմանադրական դատարանը էս վերջին որոշումը, որ կայացվել է՝ հետաձգել լրացուցիչ ուսումնասիրության, բոլորի համար պարզ է, որ այլ տարբերակ չգտնելով ձգձգել են»։

Նախագահին դատավորներն են ընտրում, բայց Գրիգորյանը չթաքցրեց՝ պատրաստ է աշխատել ՍԴ դատարանի նախագահ: Այդ պաշտոնը իշխանափոխությունից հետո էլ շարունակում է զբաղեցնել հանրապետական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը:

«Ես սպասում էի Վահե Գրիգորյանին, ես չեմ թաքցրել դա։ Վահե Գրգորյանին ճանաչում եմ, եթե չեմ սխալվում, մոտ երևի 14-15 տարի, որ անձնապես շփվել եմ իրա հետ, երևի չի եղել մի բան, որ ինքը զուտ անձնական էսպես համակրությունների հիման վրա ինչ-որ գործողություններ անի, գործել է օրենքով», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ այսօրվա հանդիպումը դռնփակ էր, տևեց ավելի քան մեկ ժամ։ ՍԴ անդամի ընտրությունն ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյայի ընթացքում կանցկացվի, իշխանական պատգամավորները չեն թաքցնում Գրիգորյանի մասին դրական կարծիքը: Բայց վերջնական որոշում, պնդում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը, չունեն:

«Պարոն Գրիգորյանը դեռ պետք է նիստերի դահլիճում պատգամավորների հետ հարցուպատասխանի մասնակցի, որից էլ շատ բան է կախված լինելու։ Նախորդ թեկնածուների հետ կապված, երբ հարցնում էին՝ Մարտի 1-ի ժամանակ ի՞նչ էր զգում, թեկնածուն ասաց, որ Գերմանիայում էր, զանգել էր ընտանիքի անդամներին հարցնելու՝ այդ բաներին մասնակցո՞ւմ են, թե՞՝ ոչ։ Բնականաբար, սրանք պատասխաններ են, որոնք, մեղմ ասած, չեն գոհացրել», - նշեց Մկրտչյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ ներկայացված նախորդ թեկնածուներին մերժելուց հետո ընդդիմությունը քննադատում է, թե իրենց համախոհ են փնտրում, այլ ոչ թե Սահմանադրական դատարանի անդամ, արձագանքեց. «Մեզ քաղաքացիները քվե չեն տվել, ինձ, օրինակ, մասնավորապես, որ ես գամ էստեղ դահլիճում ու նման խայտառակ պատասխաններ տվող թեկնածուներին կողմ քվեարկեմ։ Մենք պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումը մեր քվեարկությամբ, որի համար պատասխանատվություն ենք կրելու»։

Գիրգորյանը կարծում է՝ այս խորհրդարանն իրեն կընտրի Սահմանադրական դատարանի անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG