Մատչելիության հղումներ

Տոնոյան․ Վերջին երկու օրերին սահմանին համեմատաբար կայուն վիճակ է


Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ սահմանին համեմատաբար կայուն վիճակ է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը նախօրեին հաղորդել էր, մասնավորապես, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմը շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ է դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր, բացի այդ՝ «առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»: Այդ առնչությամբ լրագրողների հարցին Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն արձագանքեց․ - «Մերն էլ են թռնում ամբողջ երկայնքով, հանգիստ եղեք»:

Օրերս Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել․ - «Ես չեմ մեկնաբանի, որովհետև մենք հիմա, այս փուլում վերլուծում ենք այդ զորավարժությունները»:

Հարցին էլ՝ պատերազմի սպառնալիք կա՞, Դավիթ Տոնոյանն արձագանքեց․ - «Եթե պատերազմի սպառնալիքը անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ անպայման»:

Սահմանի ադրբեջանական կողմում հատուկջոկատայինների կուտակման վերաբերյալ հարցին էլ նախարարը պատասխանեց՝ «հատուկջոկատայինների կուտակումը կա նաև մեր կողմից», և խորհուրդ տվեց չմտահոգվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG