Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ․ Ադրբեջանական կողմն է շփման գծում կիրառում հեռահար և դիպուկահար զենքեր, նռնականետեր


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցների՝ երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության հիման վրա տարածած տեղեկությունը, թե հայկական ստորաբաժանումները, շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի ռազմական գերատեսչությունը «ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ)»:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հավաստմամբ, «առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»: Նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»: «Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG