Մատչելիության հղումներ

Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանների միջև բախումները սաստկացել են


Հոնկոնգ - Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում՝ փորձելով ցրել բողոքի ցույցը, 12-ը հունիսի, 2019թ․
Հոնկոնգ - Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում՝ փորձելով ցրել բողոքի ցույցը, 12-ը հունիսի, 2019թ․

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջև բախումները անցած օրվա երկրորդ կեսին ավելի սաստկացան: Երեկ երեկոյան ժամերի տվյալներով հաղորդվում էր տասնյակ տուժածների մասին:

Ոստիկանությունը սկսեց ավելի կոշտ միջոցներ կիրառել ցուցարարների դեմ՝ ոչ միայն արցունքաբեր գազ ու ջրանետ մեքենաներ, այլև ռետինե գնդակներով կրակել են ցուցարարների ուղղությամբ: Բալոններից փչվող գազից, ջրի շիթերից ցուցարարները պաշտպանվում էին հովանոցների օգնությամբ, բայց երբ ոստիկանները ավելի խիստ միջոցների դիմեցին, ցուցարարները սկսեցին նրանց վրա քարեր ու ծանր առարկաներ շպրտել:

Բախումները նոր թափով բռնկվեցին երեկ տեղական ժամանակով ժամը 15-ից հետո, երբ լրացավ ցուցարարների սահմանած վերջնաժամկետը: Նրանք Հոնկոնգի օրենսդիր մարմնից՝ քաղաքային խորհրդից պահանջել էին հրաժարվել արտաքսման մասին վիճահարույց օրինագծից:

Տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման արդյունքում իշխանությունները որոշեցին հետաձգել օրինագծի քննարկումները, բայց դա ցուցարարներին չբավարարեց: Նրանք մտավախություն ունեն, որ հետաձգված օրինագիծը հետագայում կարող է ընդունվել: Եթե այդ օրինագիծը ընդունվի և օրենքի ուժ ստանա, ապա Չինաստանի պահանջով Հոնկոնգի բնակիչները կարող են արտահանձնվել Չինաստանին՝ դատական պատասխանատվության ենթարկելու համար:

Հոնկոնգի բնակիչները դեմ են օրինագծին՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է օգտագործվել քաղաքական ճնշումների նպատակով: Չինաստանին կարող են արտահանձնվել իշխանություններին քննադատողները: Իրավապաշտպանները նշում են՝ Չինաստանում խախտվում են մարդու իրավունքները, բացի այդ՝ մահապատիժը վերացված չէ, ամենախիստ պատիժը Չինաստանում կիրառվում է:

Հոնկոնգի գործարար շրջանակները ևս մտահոգված են, որ օրինագծի ընդունումը հնարավոր է բացասական ազդեցություն ունենա գործարար ու ներդրումային միջավայրի վրա: Սակայն իշխանությունները պնդում են, որ օրինագծի նպատակը բացառապես հանցավորության դեմ պայքարն է:

Բրիտանիայի ավելի քան 150 տարվա կառավարումից հետո Հոնկոնգի հանդեպ Չինաստանի ինքնիշխանությունը վերականգնվել է 1997 թվականին, սակայն առևտրի ու բիզնեսի արևելքի մեգապոլիսը որոշակի ինքնավարություն է ստացել և երաշխիքներ, որ գործող իրավական համակարգը առնվազն 50 տարի չի փոխվի: Այդուհանդերձ, վերջին տարիներին Պեկինը մի շարք քայլերի է դիմել Հոնկոնգի ինքնավարությունը սահմանափակելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG