Մատչելիության հղումներ

Անկարան կոշտ է արձագանքել Հայոց ցեղասպանության մասին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքել նախօրեին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ այն որակելով անհիմն զրպարտանք:

Հոլանդացի օրենսդիրները, գրեթե միաձայն ընդունած բանաձևով, դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասին հնչեցրած հայտարարությունները՝ միաժամանակ պարտավորեցնելով հոլանդական կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը այս կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել՝ զգուշացնելով, որ «նմանօրինակ անհիմն, անիմաստ և անլուրջ քայլերը անհետևանք չեն մնալու դրանք նախաձեռնողների համար»:

Թուրքական արտաքին գերատեսչության պնդմամբ, հոլանդացի օրենսդիրների որոշումը պոպուլիստական բնույթ ունի և ընտրողների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: ԱԳՆ-ն նաև ցավով արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի նախաձեռնությունը ի չիք է դարձնում թուրք-հոլանդական հարաբերությունների բարելավմանն ուղղված փոխադարձ ջանքերն ու դրանց տված արդյունքը և ակնհայտորեն բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 11-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի նախագահի հայտարարությունները դատապարտող բանաձևը ներկայացվել է Քրիստոնեական միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդևինդը:

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որտեղ հերթական անգամ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը 1,5 միլիոն զոհերին համարել էր «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծանր պայմաններում մահացած օսմանյան հայեր»: Էրդողանը նաև հայտարարել էր, թե «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, այդ ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG