Մատչելիության հղումներ

16-րդ «Ոսկե ծիրանը» անցկացնում է փառատոնի երիտասարդ ղեկավար կազմը


Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փառատոնն այս տարի ոչ միայն նոր, երիտասարդ կազմ ունի, այլև ծրագրերում որոշակի փոփոխություններ են տեղ գտել:

«Մենք փոխել ենք ամբողջովին մեր մոտեցումը «Ոսկե ծիրան»-ին՝ նոր տնօրեն, նոր ծրագրերի ղեկավար, նոր միջազգային բաժնի վարիչ: Մենք մնացել ենք կողքներին որպես խորհրդատուներ, ընկերներ, հին փորձ ունեցող մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը»։

Միջազգային կինոփառատոնը տարբեր երկրներից մասնակցության ավելի քան 740 հայտ է ստացել, ցուցադրության համար ընտրվել են նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից մի քանի արդեն հայտնի դարձած ֆիլմեր:

Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ասաց․ - «Ծրագրային փոփոխությունների արդյունքում մենք հիմա ունենք լիամետրաժ ֆիլմերի մեծ մրցույթ, որում ընդգրկված է 12 ֆիլմ, և այդ ֆիլմերը կդիտեն 7 տարբեր ժյուրիի անդամներ: Այս տարի շատ կարևոր ենք համարում, որ ժյուրիում կա, օրինակ, Էմի Հոբին, ով «Տրայբեկա» կինոինստիտուտի գործադիր տնօրենն է և հատկապես հետաքրքրված է համագործակցություն հաստատելու: Ժյուրիի անդամներից է բրիտանացի պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսընը, որը հայտնի է «Քերոլ» և «Կոլետ» ֆիլմերով: Ժյուրիի նախագահը լինելու է Ալեքսանդր Մինդաձեն, ով ներկայացնում է Ռուսաստանը»:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ փոխնախարար Արա Խզմալյանը: Նրա նշանակումը որպես փոխնախարար շատ դրական գնահատականի է արժանանում արվեստագետների կողմից:

Ջերմորեն ողջունելով Արա Խզմալյանին՝ Հարություն Խաչատրյանը շեշտեց․ - «Մեր ընկերներից մեկն է, մեր բարեկամն է, մեր շատ սիրելի մարդկանցից մեկը մշակույթի ասպարեզում: Ես շատ երջանիկ եմ վերջապես, որ պրոֆեսիոնալ մարդ է»:

Արա Խզմալյանը հավաստիացրեց․ - «Մեզ համար «Ոսկե ծիրանը» ունի ռազմավարական նշանակություն, որովհետև այս ձևաչափի փառատոները չեն լուծում զուտ մասնագիտական խնդիրներ, դրանք արդեն լավ գործող խողովակներ են՝ երկիրը ներկայացնելու աշխարհին, երկրի մշակութային ժառանգությունը լայն իմաստով աշխարհին ներկայացնելու: Դա չի վերաբերում միայն ֆիլմերին, որովհետև․ վստահ եմ, ձեր հյուրերը այցելում են մշակութային վայրեր, մշակութային կոթողներն են տեսնում, ճանաչում, և լուսաբանվում է այս ամենը միջազգային մամուլում, տեղեկատվական հարթակներում»:

Եվ չնայած այս ամենին՝ գաղտնիք չէ, որ այս տարի կինոփառատոնին պետբյուջեից մոտ կրկնակի անգամ ավելի քիչ գումար է հատկացվել, քան նախորդ տարիներին:

Այս կապակցությամբ պարզաբանումներ խնդրեցի թե՛ Հարություն Խաչատրյանից, թե՛ փոխնախարարից:

«Իհարկե, դժվարություններ ունեցել ենք: Ամեն մի հեղափոխություն բերում է փոփոխություններ: Մշակույթի նախարարությունը դեմոկրատիկ լինելու համար, որպեսզի բոլոր փառատոները մասնակցեն մրցույթներին և դրամաշնորհներին, բերեց դժվարության, երբ բոլոր գումարները հավաքվեցին մի զամբյուղի մեջ և բաժանվեցին բոլորին: Կառավարության հատուկ որոշում էր եղել ժամանակին, որ հիսունքանի մի միլիոն անպայման պետք է ստանար «Ոսկե ծիրանը», որպես լուրջ քաղաքականություն վարող, հիմնավոր փառատոն: Մեկ զամբյուղի գաղափարը, կարծեմ, իրեն չարդարացրեց: Դա, կարծում եմ, տեխնիկական սայթաքում տեղի ունեցավ, որը պետք է վերանայել և ուղղել: 55-57 միլիոնի փոխարեն ստացել ենք 30 միլիոն», - ասաց Խաչատրյանը:

Արա Խզմալյան․ - «Սա շատ ավելի լուրջ մասնագիտական քննարկման խնդիր է: Ե՛վ Ֆինանսների նախարարության հետ քննարկվելիք նյութ կա, և՛ ճիշտ պլանավորման խնդիր, որ ավելի խելամիտ պլանավորենք բյուջեի բաշխման մեխանիզմները: Լուրջ աշխատանք կա այստեղ անելու: Ես ուղղակի մի փոքր խնդրում եմ համբերել: Անպայման այս հարցը պիտի քննարկվի, և մենք մասնագիտական եզրակացության մակարդակով կներկայացնենք ձեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG