Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է Պուտինին և Մեդվեդևին


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 6-ը հունիսի, 2019թ․
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 6-ը հունիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում նշանավորվում է շոշափելի հաջողություններով, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության է՛լ ավելի ամրապնդմամբ»:

«Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում», - գրել է Փաշինյանը՝ Պուտինին մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ իր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է. - «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ»:

«Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընթացքում: Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից», - գրում է Փաշինյանը՝ Մեդվեդևին մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ իր պատասխանատու աշխատանքում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG