Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դռնբաց նիստում քննեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։

Դատավոր Նարինե Հովակիմյանը մեկ ժամից ավելի տևած նիստից հետո հայտարարեց, որ կդիմի քրեակատարողական հիմնարկ՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների վերաբերյալ փաստաթղթեր ստանալու համար, և հետաձգեց նիստը:

Պաշտպանները բողոքարկում էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։

Միաժամանակ, պաշտպանական կողմը Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Ինքը՝ Գրիգորյանը բողոքի քննությանը չէր մասնակցում, նա շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում:

Բողոքի դեմ առարկություններ ներկայացեց մեղադրող կողմը։ Դատախազ Վահե Դոլմազյանն անդրադառնալով Գրիգորյանի հիվանդություններին՝ նշեց, որ նրա ուռուցքային հիվանդությունը համարվում է բուժված, հավելելով՝ ամբաստանյալի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ:

Գրիգորյանին հունիսի 6-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեակատարողական հիմնարկում Գրիգորյանը չի կարող պատշաճ բուժում ստանալ։ Փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց՝ երկարատև կալանքի արդյունքում է, որ գեներալի վիճակը վատթարացել է։

«Մանվել Գրիգորյանին երբ որ կալանավորում էին մեկ տարի առաջ այս օրերին, նրա շաքարը 7 էր, երբ որ մենք կալանավորող դատավորին ասում էինք, որ վատ է, վատթարանալու է, և նա մուրճը խփում էր մեթոդաբար մեկ տարի շարունակ, ասենք, էսօր 27 է, մենք էն ժամանակ ասում էինք՝ կա, հետո կալանքը եղավ՝ կալանքի պատճառով ավելացավ», - ասաց Մկրտչյանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, սակայն, պնդեց՝ քրեակատարողական հիմնարկի պատճառով չէ, որ շաքարային դիաբետ ունեցող Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, պարզապես նա հրաժարվել է Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ։ Դատախազն ասաց. «Մանվել Գրիգորյանը գիտակցաբար իր դեղորայքը չի ընդունել՝ իր վրա կրելով այն բոլոր ռիսկերը, որ կարող էին առաջանալ»:

«Եվ եթե մարդը պետք է ինսուլին ստանա կամ շաքարային դիաբետի հետ կապված որևէ բան ստանա, և հիմնական այսօր բարդությունը կապված է այդ շաքարի հետ, որ ինսուլինը արյան մեջ բարձր է, դա նաև այն պատճառով է, ըստ էության, որ նա հրաժարվել է որևէ դեղամիջոց ընդունել։ Եվ դրա համար այստեղ ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ քրեակատարողական հիմնարկը», - նշեց Դոլմազյանը։

Մեղադրողն առարկեց նաև գրավի դեմ՝ ասելով, որ գումարը չի կարող պատշաճ հիմք հանդիսանալ ազատ արձակման համար։ Ընդգծեց՝ առկա է հիմնավոր խոչընդոտման ռիսկ, հատկապես որ արդեն իսկ ունեն արձանագրած փաստ, երբ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով հարկադրել է իր ենթակային՝ իր վրա վերցնել մեղքը։

Գրիգորյանի փաստաբան Մկրտչյանն էլ հայտարարեց՝ ընտրովի արդարադատություն է տեղի ունենում։

Այսօր հետաձգվեց նաև Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի բուն գործով նիստը։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գրությունն այն մասին, որ ամբաստանյալը գտնվում է առողջական ծանր վիճակում և չի կարող մասնակցել նիստին: Ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով արհեստական շնչառություն է ստանում:

Դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընթերցեց այսօր դատարան ներկայացված՝ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը: Դատապարտյալը պնդում է, որ Գրիգորյանն իրեն սպառնացել ու խոշտանգել է, պահանջում է իրեն տուժող ճանաչել ու նախկին պատգամավորից 5 միլիոն դոլար բռնագանձել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց՝ դիմումատուին գրավոր կպատասխանի, որ նրա մասով գործում ոչ մի նյութ չկա:

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG