Մատչելիության հղումներ

Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ պաշտպանն այսօր վերաքննիչ բողոք կներկայացնի


Գեղամ Պետրոսյան, արխիվ
Գեղամ Պետրոսյան, արխիվ

Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով անցած շաբաթ կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ այսօր բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։

«Իրավաբանորեն հագեցած փաստաթուղթ եմ կազմել, եթե այդ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով քննարկվի, պիտի որ դրան ճիշտ իրավական լուծում տրվի», - ասաց պաշտպանը։

Երեկ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս։ Հարցին, թե ի՞նչն է խնդիրը, պաշտպանը պատասխանեց. - «Օգտվում է ցուցմունք չտալու՝ լռելու իր իրավունքից»։

Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի սպանությունների գործով 11 տարվա մեջ առաջին մեղադրյալն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG