ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Վաշինգտոնում առաջիկա օրերին նախատեսված հանդիպման նախաշեմին ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ չի ճանաչում Հարավային Օսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը նաև շեշտել է, որ այդ հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Վրաստանից անջատված Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել հունիսի 9-ին: Նախնական արդյունքներով՝ մանդատների մեծամասնությունը ստացել է իշխող «Միացյալ Օսիա» կուսակցությունը: Օրենսդիր մարմնի 34 տեղի համար մրցում էր 100 թեկնածու:
2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան ռազմական ներկայություն է ապահովել Հարավային Օսիայում և Աբխազիայում ու ճանաչել է այդ շրջանների անկախությունը: