Մատչելիության հղումներ

«Մեր օրակարգում Քոչարյանի հետ համագործակցություն որևէ ձևաչափով չկա». Նաիրա Զոհրաբյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ ձևաչափով համագործակցության օրակարգ չունի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը նաև ԲՀԿ-ի ստորագրմամբ է խորհրդարանում ընտրվել վարչապետ։ Զոհրաբյանը խորհուրդ տվեց քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» չսարքել։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, օրինակ, խորհրդարանական ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան»-ը բացառում է որևէ պարագայում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ն ի՞նչ կասի։

Զոհրաբյան. - Այդ հարցին, կարծում եմ, հարյուր անգամ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է՝ մեր օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն որևէ ձևաչափով չկա։

«Ազատություն». - Իսկ կարո՞ղ է լինել։

Զոհրաբյան. - Ինչո՞ւ պետք է լինի, եթե մեր օրակարգում չկա։

«Ազատություն». - Եթե նա ընդդիմադիր բևեռ ձևավորի, ասի՝ «հեռացնենք այս իշխանություններին»։

Զոհրաբյան. - Այս իշխանությունը, նաև մեր ստորագրմամբ է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ընտրվել վարչապետ, հիմա եկեք քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» չսարքենք։

«Ազատություն». - Բացառո՞ւմ եք, թե՞՝ ոչ։

Զոհրաբյան. - Ես չեմ տեսնում որևէ հնարավորություն և որևէ օրակարգ իր հետ համագործակցության։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, Ծառուկյանի՝ օլիգարխ՝ սեփականատեր լինելու մասին. Դուք չե՞ք կարծում, որ այս թեման մեկընդմիշտ կարելի է փակել, եթե Ծառուկյանը վայրի դնի իր պատգամավորական մանդատը։

Զոհրաբյան. - Եթե Դուք ինձ ներկայացնեք ողջամիտ և օբյեկտիվ պատճառներ, թե ինչու պետք է Ծառուկյանը վայր դնի մանդատը, ես պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել։

«Ազատություն». - Օրինակ՝ «ԱրարատՑեմենտ»-ի դեպքը, երբ մի ամբողջ խմբակցություն գործարանի շահերի համար դուրս եկավ սրահից, կռիվ էր տալիս խորհրդարանական ամբիոնից։ Համաձայն չե՞ք, որ դասական օրինակ է սա։

Զոհրաբյան. - Ո՛չ, համաձայն չեմ, դա բացարձակ կլասիկ օրինակ չէ, ինչո՞ւ՝ որովհետև մենք պաշտպանել ենք ոչ թե սեփականատեր Գագիկ Ծառուկյանի շահերը... ես Ձեզ ասեմ՝ իր բիզնեսները հանձնված են այնպիսի պրոֆեսիոնալ կառավարիչների, որ այդ կառավարիչները հաստատ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության աջակցության, օժանդակության և օգնության կարիքը չունեն։ Մեզ դիմել էին «ԱրարատՑեմենտ»-ի աշխատակիցները, որովհետև իրենք ունեն մտահոգություն, և մենք պաշտպանել ենք նրանց շահերը։

«Ազատություն». - Որ Ծառուկյանը տեսախցիկների առջև ցուցումներ է տալիս աշխատակիցներին, ասում է՝ «էսքան ներդրում կբերեմ», դա գործարարի վարք չէ՞։

Զոհրաբյան. - Հիմա նաև ասեմ Ձեզ, որ մենք ինքներս ենք նախաձեռնել, հիմա արդեն առաջիկայում պատրաստ կլինի օրենսդրական փաթեթը, որը պիտի կարգավորի սեփականատիրոջ և հավատարմագրային կառավարիչների իրավահարաբերությունները, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, որ եթե մարդը հավատարմագրային կառավարման է հանձնում իր բիզնեսները, այլևս այդ բիզնեսների մասին պետք է մոռանա, և որևէ մեկը չի կարող ասել՝ ինքն իրավունք ունե՞ր այդ հայտարարությունն անելու, թե՞՝ ոչ, որովհետև օրենսդրորեն այդ հարաբերությունները կարգավորված չեն։

«Ազատություն». - Ավելի ուղիղ հարցնեմ, ինչպես ժամանակին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր արել բանավեճի ժամանակ՝ պարոն Ծառուկյանի ինչի՞ն է պետք մանդատը։

Զոհրաբյան. - Պարոն Ծառուկյանին մանդատ տվել է ժողովուրդը, և կարծում եմ, որ այդ հարցը Դուք կարող եք ուղղել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք Ծառուկյանին, ինձ կամ մյուս պատգամավորներին լիազորել են լինել խորհրդարանում և ներկայացնել իրենց շահերը։

«Ազատություն». - Բայց նա զբաղվո՞ւմ է օրենսդիր գործունեությամբ։

Զոհրաբյան. - Չկա որևէ օրենսդրական նախաձեռնություն, որը մանրակրկիտ չի քննարկվում Գագիկ Ծառուկյանի հետ։ Ասեմ ավելին՝ կան մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որ մենք պատրաստ էինք դնել շրջանառության մեջ, բայց Ծառուկյանի հետ քննարկելուց հետո հիմա ձեռնպահ ենք մնալու, որովհետև դրանք դեռևս լրացուցիչ քննարկման, փորձագիտական եզրակացություն անելու կարիք ունեն։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG