Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը ընթացք է տվել Գագիկ Ծառուկյանի դեմ հաղորդմանը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդմանը:

«Քաղաքացու որոշում»-ը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, եթե քննությամբ պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Ղեկավարվել ենք այդ ընթացակարգով, այդ հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը Քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», - նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Խնդրո առարկան Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին ԲՀԿ խմբակցության և Ծառուկյանի ակտիվ մասնակցությունն է: Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր գործարանի՝ «ԱրարատՑեմենտ»-ի սեփականատեր Ծառուկյանն ու իր թիմակիցները պաշտպանում էին տեղական արտադրողի շահերը։ Ծառուկյանը խորհրդարանի ամբիոնից խոսեց իր գործարանի աշխատակիցների խնդիրներից, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց նախագծին:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունում համարում են, որ խախտվել է Սահմանադրությունը, որով արգելվում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Եթե քննությամբ պարզվի, որ պատգամավոր Ծառուկյանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա նա կզրկվի պատգամավորական մանդատից:

«Պետք է ընդամենը առավել մանրամասն ուսումնասիրել մեր հաղորդումը և գտնել բոլոր հարցերի պատասխանները», - ընդգծեց Դավթյանը։

Պատկան մարմինները պարտավոր են հաղորդմանն ընթացք տալ: Գագիկ Ծառուկյանն էլ առարկություն չունի:

«Ուրեմն տակը բան պետք է լինի, որ հնարավոր լինի, քանի որ բողոքա, դիմվել է, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսելու», - ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի դեմ հանցագործության մասին այս հաղորդումը ընթացք չէր ստանա, եթե դատախազությունը առերևույթ հանցագործության հատկանիշ չտեսներ: Թե ի՞նչ խախտումներ են արձանագրել` գլխավոր դատախազն առայժմ խուսափում է իր դիրքորոշումը հրապարակել:

«Այ սա այն դեպքն է, երբ որ ես նախապես եթե իմ կարծիքը հրապարակեմ, ես կկաշկանդեմ այդ 10-օրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին և իր գործողությունները։ Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ, նորից եմ ասում, քրեադատավարական օրենքով նախատեսված՝ հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի և պետք է դրան տրվի քրեաիրավական գնահատական։ Կտրվի քրեաիրավական գնահատական, հետո եթե ես ունենամ այլ դիրքորոշում, դուք անպայման դրա մասին կտեղեկանաք», - ընդգծեց Արթուր Դավթյանը։

ԲՀԿ-ից շարունակում են հակադարձել՝ Ծառուկյանը Սահմանադրությունը չի խախտել, փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, քանի որ Ծառուկյանին պատկանող բիզնեսները հանձնված են հավատարմագրային կառավարման: Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը խմբակցության ղեկավարի դեմ այս հաղորդումը անհեթեթություն է որակում:

«Սա անհեթեթ մտքեր են, անհեթեթ նախաձեռնություն է՝ ի սկզբանե դատապարտված ձախողման», - ասաց Էնֆիաջյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննություն անցկացնել խնդրո առարկայի վերաբերյալ, Սահմանադրության պահանջը խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Ազգային ժողովի ղեկավարությունը չի շտապում դիրքորոշում հայտնել։ «Իմ քայլը» խմբակցությունը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ երկրորդ փակ նիստն է հրավիրել, բայց դեռ դիմումին ընթացք չեն տվել: Ըստ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ բազմաթիվ տարբերակներ են քննարկում:

«Շատ բուռն քննարկումներ են տեղի ունենում, այսինքն՝ չենք ուզում հապճեպ որոշումներ կայացնել, երկար քննարկումներ են տեղի ունենում, դա է զուտ պատճառը», - նշեց Հրաչյա Հակոբյանը։

Մինչ Ազգային ժողովի ղեկավարությունը քայլ կանի, ԲՀԿ-ական Վահե էնֆիաջյանը զգուշացնում է․ «Եթե կփորձեն նման շահարկումներ լինեն, լինելու են շատ կոշտ դիրքորոշում և շատ կոշտ պատասխաններ»։

ԲՀԿ-ից հակընդդեմ քայլերը դեռ չեն հրապարակայնացնում: Վահե Էնֆիաջյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մամուլի այսօրվա հրապարակումը, թե Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում, ի նշան բողոքի, խմբակցության բոլոր պատգամավորները կհրաժարվեն իրենց մանդատներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG