Մատչելիության հղումներ

Վարչապետի նշած խմբերի շրջանակը մշտապես մեզ պարզ է. Վանեցյան


Հինգշաբթի օրը կառավարության նիստին սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորելու վերաբերյալ վարչապետի սկանդալային հայտարարությունից հետո, գործադիրի անդամները չեն բացահայտում՝ խոսքը մասնավորապես ինչ խմբերի մասին է, արդյո՞ք նրանք հանրությանը հայտնի խմբեր են։

Հիշեցնենք, Փաշինյանը նիստի ընթացքում սևազգեստ մարդկանց խմբերի մասին ստացած օպերատիվ տվյալներ հրապարակեց։

«Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը մտադիր է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել և լկտի պահվածքով աչքի ընկնել», - նշել է Փաշինյանը:

«Ազատությունն» այսօր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ինչ խմբերի նկատի ուներ վարչապետը։

ԱԱԾ պետի խոսքով՝ իրենց հայտնի է, թե ովքեր են քարոզում ատելություն, ուժի կիրառում։

«Շրջանակը մշտապես մեզ պարզ է, թե մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որը նախատեսված կլինի Քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով բոլոր մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից», - նշեց Վանեցյանը:

Նկատեցինք՝ հատկանշական է՝ սև հագուստով վերջին շրջանում աչքի են ընկել մի քանի անհատներ, որոնք տարբեր հակաիշխանական ակցիաների հեղինակ են։

«Փորձում են ինչ-որ կոնտեքստից դուրս բաներ ասել՝ սևազգեստ մարդիկ և այլն, նման բան չկա: Իրականում էն, ինչ որ կա, բոլորը շատ լավ հասկանում են: Վարչապետը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և պետք չէ բառախաղի միջոցով որևէ սենսացիաներ փնտրել», - ընդգծեց Վանեցյանը:

Դիլիջանում այսօր անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման հանդիսավոր արարողության ավարտին «Ազատություն»-ը հարց ուղղեց նաև նախագահ Արմեն Սարգսյանին, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ Ազգային ժողովին առաջարկելու վերաբերյալ։ Որոշ քաղաքական շրջանակներ համոզված են, որ նախագահը ներկա իշխանությունների քաղաքական ճնշումներին է ենաթարկվել՝ առաջարկելով իշխանությանը հարմար թեկնածուի։

«Ես նմա՞ն եմ մարդու, որի վրա կարելի ա ճնշել», - պատասխանեց նախագահը։

Հիշեցնենք, խորհրդարանում անցած տարի հոկտեմբերին տապալվեց ՍԴ դատավորի ընտրությունը։ Վահե Գրիգորյանի թեկնածությունը հավանության չարժանացավ, երբ խորհրդարանում մեծամասնություն էր Հանրապետական խմբակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG