Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջում են դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող երկու ՀԷԿ֊երի շահագործումը


Արագածոտնի մարզի Արագած և հարակից գյուղերի բնակիչներն առավոտյան կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող երկու ՀԷԿ-երի շահագործումը:

Բնակիչներն ամիսներ շարունակ պնդում են, թե ՀԷԿ-երի պատճառով խախտվել է գետի բնականոն հունը: Ասում էին՝ գետի ակունքում քիմիական վնասակար տարրեր կան, նախկինում նախկինում գետն իր հունով իջնելիս ինքնամաքրվում էր, ջուրն օգտագործում էին ոռոգման համար, իսկ հիմա՝ ողջ բերքը չորանում է։

«Կերան՝ էս վեց համայնքի տնտեսությունը քանդեցին», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց ցուցարարներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ առաջարկեց ուղեկցել այն վայրը, որտեղ հատվում են ինքնամաքրված և ՀԷԿ-ի խողովակներից իջած ջրերը:

«Անցած անգամ որ եկան՝ մոնիթորինգի հանձնաժողովի ներկայացուցիչները, էս ջուրը վերցնելուց հետո հենց տեղում թթվայնությունը նայել են, ասել են՝ սրան մենք էլ բան չունենք ասելու: Բայց մինչև այսօր ոչ մի հատ տվյալ մեզ չեն հասցրել, չգիտենք ում մոտ ա գնացել: Տեղական իշխանություններին դիմել ենք՝ ասում են մեզ չի հասել», - պատմեց նա:

Ցուցարարները որոշեցին իրենց ուժերով դադարեցնել ՀԷԿ-երի շահագործումը՝ քանդելով ամբարտակը, որպեսզի ջուրն իր հուն վերադառնա: Միջամտեցին դեպքի վայր ժամանած ոստիկանները, հավաքվածներին առաջարկեցին չորս հոգանոց խումբ կազմել և ուղարկել Երևան՝ բնապահպանության նախարարի հետ հանդիպման։

Գյուղացիները համաձայնեցին, սակայն չհրաժարվեցին ամբարտակը քանդելու մտադրությունից և սկսեցին ճանապարհ բացել ամբարտակը քանդելու համար մոտեցած տրակտորի համար: Այս ընթացքում ժամանեց մարզի Ընդերքի և բնապահպանության տեսչության պետը:

«Գիտենք, որ կա միջգերատեսչական հանձնաժողով, նմուշառումներ են անում՝ հասկանալու խնդիրն ինչումն ա: Այսինքն՝ ջրի որակի փոփոխություն կա՞, երբվանի՞ց ա, ի՞նչն ա պատճառը», - մանրամասնեց նա:

Ոստիկաններն էլ հայտնեցին, եթե գյուղացիներն իրենց գործողությունների արդյունքում գույք վնասեն՝ պատասխանատվության են ենթարկվելու։

Ի վերջո Երևանից զանգ ստացան՝ նախարարը հայտնել է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, աշխատանքային խումբ է ձևավորվել, որը հնարավորինս սեղմ ժամկետում հստակ պատասխաններ կտա։

Գյուղացիները համաձայնեցին այսօրվա ակցիան դադարեցնել, սակայն տեխնիկան այնտեղ թողեցին, պնդելով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի՝ կշարունակեն ամբարտակի քանդման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG