Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով նիստը հետաձգվեց


Գեներալը դատական նիստին ներկա չէր:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից գրություն էր ուղարկվել դատարան, համաձայն որի, ելնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, նա տեղափոխման ենթակա չէ: Գրիգորյանը նույնպես դիմել էր դատարանին՝ հայտնելով. - «Գտնվում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով՝ չեմ կարող ներկայանալ դատական նիստին»:

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով։ Նրա խոսքով՝ երեկ Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ Մանվել Գրիգորյանը չի ցանկանում բուժում ստանալ։

Փաստաբանը հայտարարեց, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում․ - «Նա այժմ անօրինական գտնվում է այնտեղ, նրա կյանքին վտանգ է սպառնում, որի պատասխանատուն և՛ պետական լիազոր մարմինն է, և՛ անուղղակի նաև դատական իշխանությունն՝ ի դեմս այս դատարանի: Որովհետև ցանկացած գործառույթ գտնվում է դատարանի տիրույթի տակ։ Այսօր մենք թողել ենք իրավաբանությունը և զբաղվում ենք անձի կյանքին վտանգ սպառնացող երևույթները կանխելու ուղղությամբ»:

Փաստաբանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկից համապատասխան գրություն է ուղարկվել «Նաիրի» բժշկական կենտրոն, որ Գրիգորյանը բուժում կստանա նաև այնտեղ․ - ««Նաիրի» բժշկական կենտրոնում պարտադիր պայման են դրել ստացիոնալ բուժումը, նշանակել են բուժման ցանկը: Բայց դատապարտյալների հիվանդանոցը և պետական լիազոր մարմինը ամիսներ առաջ ևս առաջարկել էր, որից պարոն Գրիգորյանը հրաժարվել էր: Դրանից հետո մենք դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոցներ կիրառելու, մասնավորապես, տեղավորելու քաղաքացիական հիվանդանոց, որը պետությունը կամավոր կատարեց: Այդ հիմքով մենք բողոքից հրաժարվեցինք: Վերջին հաշվով, անձի սահմանադրական իրավունքն է, ինքն է որոշում ինչ միջոցներով ստանա բուժումը: Եվ ամենակարևորը, որ Գրիգորյանը, գտնվելով «Նաիրի» բժշկական կենտրոնում, պետության վրա բեռ չկար, իր հարազատների միջոցների հաշվին էր գտնվում»:

Պաշտպանական կողմը դատարանին տեղեկացրեց, որ մինչև առավոտյան ժամը 4-5-ը փաստաբաններին արգելել են տեսակցել իրենց պաշտպանյալին: Այս առիթով ոստիկանություն հաղորդում են ներկայացրել․ - «Մենք կարողացել ենք տեսակցել միայն առավոտյան ժամը 6-ին, որովհետև պարոն Գրիգորյանը ևս հայտարարեց, որ ինքը հրաժարվում է դուրս գալ: Եվ հաղորդում ենք տվել հանցագործության հետ կապված: Նաև այնքանով, որքանով պարոն Գրիգորյանի գործը գտնվում էր Եվրոպական դատարանում, հարուցված էր գործ, մենք տեղեկացրել ենք Եվրոպական դատարանին այդ անօրինականության մասին: Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ բուժում չի ստանում, և պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանը այսօր ներկա չէ այս դատական նիստին»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի կարգ գոյություն ունի: Եվ անձը ինքը չի որոշում, թե որ քրեակատարողական հիմնարկում գտնվի: Դրա համար համապատասխան մարմին կա և, ըստ Դոլմազյանի, նույն կանոնակարգի համաձայն տեսակցությունների համար համապատասխան ժամեր գոյություն ունեն:

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է հունվարից, մարտից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, փաստաբանների պնդմամբ՝ առողջական վիճակը ծանր է։

52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG