Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնամուտից ընդամենը մի քանի շաբաթ անց Կիևը զգալիորեն մեղմում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների հանդեպ որդեգրած դիրքորոշումը: Դա պարզ դարձավ նախօրեին` Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող եռակողմ Շփման խմբի` Մինսկում կայացած հանդիպման ընթացքում:
Ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո ընդամենը մի քանի օր առաջ Շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցչի պաշտոնում նշանակված նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարեց, որ հանդիպումը կառուցողական էր, իսկ Կիևը պատրաստ է դիմել մի շարք միակողմանի զիջումների:
Խոսքը մասնավորաբար 2017 թվականի մարտին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից Դոնբասի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակման հնարավոր վերացման մասին է:
Բացի այդ, Մինսկ ժամանած Ուկրաինայի երկրորդ նախագահն առաջարկում էր, որպեսզի Դոնբասում տեղակայված ստորաբաժանումները շփման գծում գնդակոծությունների տակ հայտնվելու դեպքում զերծ մնան պատասխան գործողություններից:
«Մենք ողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ ցանկանում ենք, որպեսզի [շփման գծում] այսպես կոչված «լռության ռեժիմ» հաստատվի: Պետք է հստակ գրված լինի, որ պատասխան կրակ չի արձակվում, բացի այդ, քաղաքացիական օբյեկտների` դպրոցների, մանկապարտեզների գնդակոծության հստակ արգելք մտցվի», - հայտարարում էր Կուչման՝ հատուկ ընդգծելով, որ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հնչեցրել է այն բոլոր առաջարկները, որոնք նախապես լսել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուց:
«Մինսկ էինք ժամանել` մեր տրամադրության տակ հստակ ճանապարհային քարտեզ ունենալով: Նախագահի ուղերձը միանշանակ է` նա ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի», - նշում էր Կուչման:
«Կապիտուլյացիա»` այսպես են բնութագրում Կուչմայի առաջարկները Ուկրաինայի նախկին իշխանությունները: Մայիսի վերջին նախագահի պաշտոնից հեռացած Պետրո Պորոշենկոն Մինսկում ուկրաինական կողմի հնչեցրած առաջարկները քննադատել է ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ:
«Պահանջում եմ, որ նախագահ Զելենսկին հստակ բացատրություններ ներկայացնի ուկրաինական պատվիրակությանը տրված հանձնարարությունների առթիվ: Մինսկում ներկայացված առաջարկները Դոնբասում ռուսական սցենարի իրագործում են նշանակում: Դա, իր հերթին, հավասարազոր է երկրի ազգային շահերին դավաճանությանը», - նշում էր Պորոշենկոն:
Չնայած հնչող քննադատությանը՝ Մինսկի գործընթացի առանցքային դերակատարներից մեկը հանդիսացող ԵԱՀԿ-ը ևս բավական բարձր է գնահատում Կիևի դիրքորոշման փոփոխությունը: Շփման խմբում ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը Բելառուսի մայրաքաղաքում կայացած բանակցությունների ավարտին հույս էր հայտնում, որ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերը կսկսեն իրագործվել արդեն առաջիկա օրերին:
«Կողմերը նաև մտադրություն են հայտնել հունիսի 10-ին սկսել [զինված] ուժերի և սպառազինության հետքաշումը [շփման գծի] նախապես համաձայնեցված հատվածում` Լուգանսկայա բնակավայրի մոտ: Եթե այդ մտադրությունը կյանքի կոչվի, դա իրական առաջընթաց կլինի», - հայտարարում էր Դոնբասի հակամարտությամբ զբաղվող եռակողմ խմբում ԵԱՀԿ-ը ներկայացնող Մարտին Սայդիկը: