Մատչելիության հղումներ

Վերաքննիչը շարունակում է քննել Քոչարյանի պաշտպանի բողոքը Երևանի դատարանի ապրիլի 12-ի որոշման դեմ


Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ
Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է քննել Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշման դեմ։

Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Վերաքննիչում նախորդ դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը ինքնաբացարկի միջնորդության էր ներկայացրել բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունուն։ Քննիչն արձանագրել է, որ Ռշտունին չի կարող այդ գործով անկողմնակալ և անաչառ դատավոր լինել, քանի որ անցած տարի ամռանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո հայտարարել է, որ որպես իրավաբան Ազարյանի որոշմանը համաձայն է։

Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը Հայաստանի երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելիս հղում էր կատարել հենց Սահմանադրությամբ երաշխավորված՝ նախագահի անձեռնմխելիության հիմքին։

«Ազատության» հետ զրույցում նախկին նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն առարկել են միջնորդությանը։

«Առարկությունը վերաբերում է նրան, որ հրապարակային խոսքերում արտահայտվել է դիրքորոշում, որը եթե դատարանը գտնում է, որ իրեն չի կաշկանդելու, ապա կարող է շարունակել էդպիսի դիրքորոշումը։ Եթե դատարանը գտնում է, որ, ամեն դեպքում, իր խոսքերը կաշկանդող են, գործի հանդեպ նախատրամադրող են, այդ դեպքում չի կարող։ Վերջինիս վրա չի կարող անդրադառնալ, որովհետև մենք իրականում ուրիշ հարց ենք քննարկում էս պրոցեսում։ Մենք քննարկում ենք ոչ թե նա, որ ինքը հաստատում է՝ այդ որոշումը ճիշտ էր, թե սխալ էր, այլ քննարկման հարցը՝ այդպիսի որոշման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը ինչ գործողություն պետք է աներ։ Իր հայտնած կարծիքի հետ մեր բողոքի քննությունը, իմ կարծիքով, կապ չունի», - նշեց Խուդոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG