Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց


Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից», - դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը, հավելելով, որ «Քոչարյանն արդեն դուրս է եկել և մեկնել»։

Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանը որոշումը հրապարակեց այսօր։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Տես նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG