Մատչելիության հղումներ

ՍԴ-ն չի կարող տալ՝ Քոչարյանն իր լիազորություններն անցե՞լ է, թե՞ չի անցել հարցի պատասխանը, Նիկոլայ Բաղդասարյան


Սահմանադրական դատարանը չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր լիազորություններն անցե՞լ է, թե՞ չի անցել, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով՝ այս հարցի պատասխանը կարող է տալ դատավորը՝ խորհրդակցական սենյակում։

Բաղդասարյանն ընդգծեց՝ իրականում խնդիրը շատ պրիմիտիվ է, և պետք չէ իրավաբան լինել սա հասկանալու համար։

«Հաճախակի ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կտևի տարիներ, իրականում խնդիրը շատ պրիմիտիվ է, պետք չի լինել իրավաբան, որ հասկանալ, հարցը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են, որ ինքն իր լիազորությունն անցնելով կատարել է գործողություն, որով տապալել է Սահմանադրական կարգը, որի հետևանքով առաջացել են այդ զոհերը, հետևաբար այստեղ մի հարցի պետք է պատասխանի դատարանը, կապ չունի դա Ռոբերտ Քոչարյանի դեպքն է, թե Պողոս Պողոսյանի, նա իր լիազորություններն անցե՞լ է, թե՞՝ ոչ․ եթե նա լիազորություններն անցել է, որի պատճառով առաջացել են այդ ծանր հետևանքները, ապա նա կատարել է արարք, որը նախատեսված է 301 հոդվածով, եթե այդ անձն իր լիազորությունը չի անցել, ապա ինքն օգտվում է իր անձեռնմխելիությունից, որը կա սահմանադրորեն, և նա չպետք է դատապարտվի։ Հետևաբար այս հարցի պատասխանը ոչ մի ձև Սահմանադրական դատարանը չի կարող տալ, այս հարցի պատասխանը կարող է տալ դատավորը՝ խորհրդակցական սենյակում, երբ որ կքննի բոլոր ապացույցները, կնայի, անցե՞լ է, թե՞ չի անցել։ Պրիմիտիվ հարց է։ Եթե անցել է, դատում է, չի անցել՝ արդարացնում է, հետևաբար Սահմանադրական դատարանին հարցնել, թե Սահմանադրության հետ կապված ի՞նչ խնդիր ունենք-չունենք, ստեղ պարզունակ հարց է, որը պետք է պատասխանի դատավորը, ընդ որում՝ հետազոտելով գրավոր ապացույցները և վկաների ցուցմունքները, որոնք բազմաթիվ են», - ասաց Բաղդասարյանը։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել է 2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության և գործը կասեցնելու դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչները:

Մայիսի 27-ին Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ գործի նյութերը Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել: Մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար:

«Պարտադիր պետք է հնարավորություն տալ վեթինգից հրաժարվող դատավորներին ավարտել իրենց վարույթում գտնվող գործերը»

Անդրադառնալով վեթինգի գործընթացին՝ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց՝ պարտադիր պետք է հնարավորություն տալ վեթինգից հրաժարվող դատավորներին ավարտել իրենց վարույթում գտնվող գործերը։

«Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման պետություններում, որպես կանոն, դատավորների 20-ից 30 տոկոսը հրաժարվում է կամովին վեթինգ անցնել, իսկ մնացած 70-80 տոկոսը, որպես կանոն, պահպանում են դատավորի իրենց ստատուսը։ Ես համոզված եմ, որ մեզ մոտ էլ այդպես կլինի։ Պարտադիր պետք է հնարավորություն տալ, որ վեթինգից հրաժարվող դատավորները կարողանան ավարտել իրենց վարույթում գտնվող գործը, որպեսզի որևէ ցնցում չապրի դատական իշխանությունը, որովհետև էդ մարդիկ իրենց վարույթում ունեն գործեր, որ արդեն մի քանի տարի է տևում, եթե մենք կտրուկ ազատենք էդ մարդկանց աշխատանքից, ապա ի՞նչ ճակատագիր են ունենալու այդ քրեական գործերը»», - ասաց Բաղդասարյանը։

Մայիսի 20-ին Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ժողովրդի վստահությունը չվայելող դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում:

Վարչապետը հայտարարեց՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:

«Հայաստանում գործող բոլոր դատավորներն՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի», - մասնավորապես ասաց Փաշինյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG