«Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Իրանի հետ` առանց որևէ նախապայման առաջ քաշելու». այս մասին Շվեյցարիայի Բելինցոնա քաղաքում կիրակի օրը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ բանակցությունների ավարտին Պետդեպարտամենտի ղեկավարը նշում էր․ - «Մենք պատրաստ ենք իրանցիների հետ խոսել առանց որևէ նախապայմանի: Դրա հետ մեկտեղ, Իսլամական հանրապետության, այդ երկրում գործող հեղափոխական ուժերի չարամիտ գործողությունների արմատական փոփոխությանն ուղղված մեր քայլերը չեն դադարելու»:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Շվեյցարիայում հնչեցրած հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ թեև Վաշինգտոնը խոսում է նախապայմանների բացակայության մասին, այնուհանդերձ, ամերիկացիները իրանցիներից որոշակի հստակ սպասելիքներ ունեն:
«Մենք միանշանակորեն պատրաստ ենք այդ խոսակցությանը, որ տեղի կունենա այն պահին, երբ Իրանը որոշի նորմալ պետությանը բնորոշ պահելաձև դրսևորել: Իրական մարտահրավերներն այսօր Իրանի ներսում են: Դրանց պատճառը ոչ թե մեր կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցներն են, այլ այն քաղաքականությունը, որ վարում է իսլամական ռեժիմը վերջին 40 տարիներին: Այն հոգ չի տանում իր քաղաքացիների մասին: Ռեժիմը ձեռքի տակ եղած ռեսուրսներն օգտագործում է «Հըզբոլա» շարժմանն օժանդակելու կամ Սիրիայում ծավալված պայքարի [ֆինանսավորման] համար: Ասադին ցուցաբերված իրանական աջակցության հետևանքով Սիրիայում վեց միլիոն մարդ է տեղահանվել», - հայտարարում էր Փոմփեոն:
ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունները հնչեցին Թեհրանից եկող հակասական ազդակների ֆոնին:
«Մենք կարող ենք բանակցել ամերիկացիների հետ, եթե Վաշինգտոնը հարգալից վերաբերմունք դրսևորի Իրանի հանդեպ», - Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` հունիսի 1-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք կարող ենք ելնել բանակցությունների տրամաբանությունից, եթե հակառակ կողմը հարգալից կերպով նստի բանակցությունների սեղանի շուրջ և հետևի միջազգային օրենքներին, այլ ոչ թե բանակցություններ սկսելու հրաման արձակի», - նշում էր Ռոհանին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մինչդեռ, ավելի զգուշավոր է: Ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրանական դիվանագիտության ղեկավարը նախօրեին նշում էր․ - «Քիչ հավանական է, որ Իրանը մոտ ապագայում բանակցություններ սկսի Վաշինգտոնի հետ»: