Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանի նախագահ․ Դատավորի նկատմամբ ճնշում գործադրելը ուղղակիորեն արգելված է օրենքով


«Ազատության» հարցերին պատասխանել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

«Ազատություն»․ - Ի՞նչ եք մտածում «զանգովի արդարադատության» մասին:

Խունդկարյան․ - Իմ օրոք, վստահ եղեք, որևէ նման երևույթ գոյություն չունի: Թե զանգովի արդարադատություն կասեք, թե պատվերով արդարադատություն կասեք՝ նման որևէ երևույթ գոյություն չունի: Վճռաբեկ դատարանը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին համահունչ: Յուրաքանչյուր դեպքում ուսումնասիրելով գործով վերհանված փաստերը, ուսումնասիրելով վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները՝ որոշում է կայացնում իր ներքին համոզմանը համապատասխան:

«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո շատերը խոսում էին, թե երկրորդ նախագահի կողմը ճնշում է գործադրել դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա:

Խունդկարյան․ - Ես կոնկրետ երևույթի մասին չեմ խոսի: Դա ճիշտ չի լինի: Առավել ևս, որ էդ երևույթի մասին որևէ պատկերացում չունեմ: Բայց ես ընդհանրական առումով խիստ անընդունելի կհամարեմ ցանկացած տիպի ճնշում՝ լինի դա պաշտոնատար անձի կողմից, լինի ոչ-պաշտոնատար անձի կողմից, լինի դա հասարակության ցանկացած անդամի կողմից: Դատավորի նկատմամբ ճնշում գործադրելը խիստ անընդունելի է և ուղղակիորեն արգելված է օրենքով:

«Ազատություն»․ - Անդրադառնալով դատավորների հայտարարագրերին՝ արդյո՞ք կասկածելի չէ ամեն դեպքում, որ դատավորները կամ իրենց կայանք կարող են խոշոր չափերի նվերներ ստանալ: Արդյո՞ք դա չի նշանակում, որ հենց դատավորի գործունեության համար են ստացվում այդ նվերները:

Խունդկարյան․ - Նման հետևություն անելու համար պետք է ունենալ հիմքեր: Իսկ հիմքեր ունենալու համար պետք է վերլուծել յուրաքանչյուր գործարքը: Բերեմ օրինակ՝ հայրը աղջկան նվիրել է որոշակի գույք․ սա արդյո՞ք կարող է բխել իր փեսա դատավորի գործունեությունից կամ դատավոր լինելու հանգամանքից: Եթե մի կողմը չլիներ դատավոր կին, այս գործարքը հասարակությունը կդիտե՞ր նորմալ, թե՞ ոչ: Երևի կդիտեր: Հայրը աղջկան նվիրում է որոշակի գույք․ սա նորմալ երևույթ կգնահատի, չէ՞, հասարակության ցանկացած անդամ: Յուրաքանչյուր դեպքում պետք է վերլուծության ենթարկել այդ նվիրատվության հանգամանքները, կամ գործարքի հանգամանքները: Պետք է հասկանալ նախ, թե դատավորի այդ տարում ունեցած ակտիվները և ունեցած եկամուտը իրար հետ համահո՞ւնչ են, թե՞ չէ: Տարվա ընթացքում ստացած եկամտով կարելի՞ էր ստեղծել էդ արդյունքը, կամ կարելի՞ էր ունենալ էդ խնայողությունները, թե՞ ոչ: Եթե լինեն տարբեր գործարքներ և կերևա, որ գործարքներից էլ է ընտանեկան բյուջե ակտիվների հոսք եղել, թող բարի լինեն համապատասխան մարմինները, ուսումնասիրություններ կատարեն, վերլուծեն և վերլուծությունը դնեն համապատասխան իրավասու մարմինների դատին: Ընդ որում, եթե կբացահայտվի, որ համարժեք չեն այդ ակտիվների հոսքը և ունեցած խնայողությունները կամ կատարված ծախսերը, ապա սա դատավորի համար կարող է առաջացնել պատասխանատվություն: Դատավորների հասցեին նաև բավականին կտրուկ վիրավորական և զրպարտչական արտահայտություններ թույլ տրվեցին հասարակության տարբեր անդամների կողմից: Խիստ անընդունելի է որևիցե պետական մարմնի, որևիցե տեղական ինքնակառավարման մարմնի, որևիցե պաշտոնատար անձի, հասարակության որևէ անդամի կողմից էնպիսի քննադատություն իրականացնելը, որը իր մեջ պարունակում է վտանգ դատարանների և դատավորների անկախության առումով: Այսինքն քննադատությունը պետք է լինի չափի և սահմանի մեջ, և Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն, դատավորները այն անձինք են, որոնք ի վիճակի չեն, չունեն բավարար գործիքներ ամեն մի վիրավորական զրպարտչական և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությանը պատասխանելու: Այդ պատճառով է, որ դատավորներին պետությունը էլ ավելի՝ նրանց բարձր պատասխանատվությանը համահունչ, պաշտպանություն պետք է տրամադրի: Եվ պետք է անթույլատրելի համարվի հասարակության բոլոր անդամների կողմից դատավորների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններ կատարելը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG